Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին. սա քաղաքական հետապնդում չէ, այլ «քաղաքական չհետապնդման» վերջը

09.07.2026, 13:52
Նիկոլ Փաշինյանը հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման վերաբերյալ մեղադրանքները
Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին. սա քաղաքական հետապնդում չէ, այլ «քաղաքական չհետապնդման» վերջը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման վերաբերյալ մեղադրանքները։

Խոսելով Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին՝ վարչապետը հայտարարել է, որ իրավապահ մարմինները գործում են իրենց լիազորությունների և օրենքի շրջանակում։ «Հայաստանի Հանրապետությունը գործում է իր լիազորությունների, այդ թվում՝ ժողովրդի տված մանդատի շրջանակում»,- հինգշաբթի  կայացած ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ մտադիր է հասնել իր նախընտրական խոստումների կատարմանը, մասնավորապես՝ ապօրինի ձեռք բերված գույքը պետությանը վերադարձնելու և 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասով։

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու Ծառուկյանի նկատմամբ քննություն չէր իրականացվում ավելի վաղ (մինչև 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները - խմբ․), Փաշինյանը հայտարարել է, որ ութ տարի շարունակ բախվել է դատաիրավական համակարգի դիմադրությանը։ «Դա անվանում են քաղաքական հետապնդում, իսկ ես հակառակն եմ ասում՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում։ Որովհետև պետական համակարգում գործող «շոշափուկները» շատերի համար պրոտեկցիոն պայմաններ էին ստեղծում։ Դրան պետք է վերջ տրվի»,- ասել է նա։

Նրան հարց է ուղղվել նաև այն մասին, թե որքանով էին արդարացված իրավապահների կոշտ գործողությունները Ծառուկյանի ձերբակալության ժամանակ։ Վարչապետը նշել է, որ չի տեսել ձերբակալության տեսակադրերը։ «Ինձ դա չի հետաքրքրում»,— ասել է նա։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ձերբակալությունների ընթացքում իրավապահների կոշտ գործողությունները համապատասխանում են նախկինում տրված հանձնարարականներին։

Փաշինյանը նաև հայտնել է, որ Ծառուկյանի դեմ քրեական գործը հարուցվել է դեռևս 2025 թվականին՝ օտարերկրյա ներդրողի դիմումի հիման վրա։

Պատասխանելով Ծառուկյանի առանձնատնից քնեցնելուց հետո տեղափոխված առյուծի սատկելու մասին հարցին՝ վարչապետը հայտարարել է, որ հիմքերի առկայության դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ «Որքանով ինձ հայտնի է, քննություն է սկսվել»,— ասել է Փաշինյանը։

Ծառուկյանի գործի մասին

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է հուլիսի 6-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման (օրինականացման) քրեական գործի շրջանակում։ Բացի Ծառուկյանից, այս գործով ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ ուրիշը՝ ձերբակալվել։

Քննության վարկածով՝ Ծառուկյանի կողմից կազմակերպված քաղաքացիների խումբը 2022–2024 թվականներին, Իրանի հետ առևտրային կապերի զարգացման պատրվակով, հափշտակել է ավելի քան 8,1 միլիարդ դրամի (մոտ 21 միլիոն դոլար) գույք և հետագայում օրինականացրել ստացված միջոցները։

Հուլիսի 7-ին դատարանը որոշում է կայացրել Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին։ Փաստաբանների խոսքով՝ Ծառուկյանը պատիժը կրելու է «Կենտրոն» ՔԿՀ-ում, իսկ պաշտպանական կողմը դատարանի որոշումը կբողոքարկի վերադաս ատյանում։