Երևանում գործող մարզաառողջարարական համալիրը թաքցրել է 2.6 մլրդ դրամի շրջանառություն. պետությանը պատճառվել է 849 մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

09.07.2026, 13:38
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
Երևանում գործող մարզաառողջարարական համալիրը թաքցրել է 2.6 մլրդ դրամի շրջանառություն. պետությանը պատճառվել է 849 մլն դրամի վնաս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները։

ՊԵԿ աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ընկերության էլեկտրոնային տվյալների, ներքին հաշվառման փաստաթղթերի ուսումնասիրության և հարկային մարմնի բազաների հետ համադրման արդյունքում հայտնաբերվել են էական անհամապատասխանություններ։

Մասնավորապես պարզվել է, որ 2023-2024 թթ.-ին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկ։

Բացի այդ, հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված և հարկման հատուկ համակարգում գործող իրավաբանական անձանց միջոցով։ Այս սխեմայի կիրառմամբ ևս 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ԱԱՀ-ի հաշվարկներից, ինչի հետևանքով պետբյուջե չի վճարվել ավելի քան 17 միլիոն դրամ։

Այսպիսով, բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։

Փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։