«Վեոլիա Ջուրը» պարզաբանում է ներկայացրել Բյուրեղավանում խմելու ջրի որակի վերաբերյալ

17.07.2026, 16:32
Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը
«Վեոլիա Ջուրը» պարզաբանում է ներկայացրել Բյուրեղավանում խմելու ջրի որակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.    «Վեոլիա Ջուր» ընկերությունն արձագանքել է մամուլում տարածված հրապարակումներին և բնակչության մտահոգություններին՝ կապված Բյուրեղավան համայնքում խմելու ջրի որակի հետ։

«Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում»,-նշում է ընկերությունը՝ հավելելով, որ կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրության, տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

«Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։

Նշենք, որ ապրիլի 21-ին ևս Բյուրեղավանում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել էին շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Ինչպես հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։