Ոչ թե երեքը, այլ մեկը․ ՆԳՆ–ն հերքում է Երևանում ջրանցքն ընկած քաղաքացիների մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Զանգվածային լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Երևանում քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու և ևս 2 հոգու փնտրում են։
Փրկարար ծառայաությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցով անցնող ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Փրկարարները դեպքի վայրում ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Պարզվել է, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։
«Տարածված տեղեկատվությունը, որ ևս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

