«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Իրանից ՌԴ են ներկրվում արգելված հայկական ծաղիկներ

17.07.2026, 17:36
«Ռոսսելխոզնադզորը» խնդրել է Իրանին կասեցնել ծաղիկների հավաստագրումը՝ համարելով, որ դրանք նման են հայկական արտադրանքին
«Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Իրանից ՌԴ են ներկրվում արգելված հայկական ծաղիկներ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.     «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի Գյուղատնտեսական ջիհադի նախարարության Բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով ժամանակավորապես կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։

Ինչպես հաղորդվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում, 2026 թ.-ին Իրանից ծաղկային արտադրանքի մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Ընդ որում, բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման երկիր նշված է Իրանը, սակայն, ըստ «Ռոսսելխոզնադզորի» պնդման, արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ծաղիկներին, որոնք նախկինում ներկրվում էին Հայաստանից։

Գերատեսչությունը հիշեցնում է, որ ավելի վաղ իրազեկել էր իրանական կողմին հայկական ծաղկային արտադրանքի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թ.-ի մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել է կտրած ծաղիկների ներմուծումը, որոնց ծագման և առաքման երկիրը Հայաստանն է։

«Ռոսսելխոզնադզորում» հայտարարել են, որ իրանական կողմից պատասխան չեն ստացել ավելի վաղ ուղարկված դիմումին։ Այդ կապակցությամբ ծառայությունը խնդրել է ժամանակավորապես կասեցնել իրանական ծաղկային արտադրանքի հավաստագրումը՝ մինչև երկկողմ բանակցությունների անցկացումն ու հանգամանքների պարզումը։

Գերատեսչության տվյալներով՝ այս միջոցառումն ուղղված է Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների բուսասանիտարական անվտանգության ապահովմանը։

ՌԴ-ում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների մասին

Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծագման և առաքման բոլոր կարանտինային արտադրատեսակների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ծաղկային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, մրգերն ու կանաչին, ինչպես նաև ձուկն ու ձկնամթերքը։

«Ռոսսելխոզնադզորը» որոշումը բացատրել է Հայաստանից ստացվող բուսական ծագման արտադրանքում և ծաղիկներում կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերմամբ։ Սահմանափակումների ֆոնին Հայաստանն ընդլայնել է այլընտրանքային շուկաներում արտահանողների աջակցությունը՝ փոխհատուցելով տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի մի մասը դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա մատակարարումների դեպքում։ Հուլիսի 2-ին կառավարությունը երկարաձգել է արտահանման պետական աջակցության ծրագիրը 2026 թվականի հուլիսի համար՝ սուբսիդավորվող արտադրանքի ցանկում ներառելով թարմ ու չորացրած մրգերն ու բանջարեղենը, առանձին սննդամթերքներ և ըմպելիքներ, ինչպես նաև իշխանն ու թառափը։