Փաշինյան. ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը պետք է կատարի Հայաստանի ժողովուրդը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ լինել Եվրամիության կազմում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ դա ես չեմ որոշելու։ Դա կորոշի ուժեղը, իսկ ուժեղը Հայաստանի քաղաքացին է»,- չորեքշաբթի Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործընկերները, որոնք այս հարցին արձագանքում են «թաքնված սպառնալիքներով», իրականում գործում են իրենց դեմ։
« Նրանք, ընդհակառակը, պետք է Հայաստանի ժողովրդին առաջարկներ ներկայացնեն, ասեն՝ մենք այս լավ բանը կանենք, այս լավ բանը կանենք։ Բայց փոխարենը ասում են՝ մենք այս վատ բանը կանենք, այս վատ բանը կանենք։ Դա անտրամաբանական է»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները, այդ թվում՝ գների հնարավոր բարձրացմամբ, անտրամաբանական են, քանի որ «բարձր գների սպառնալիքին միշտ էլ կգտնվի պատասխան»։
«Հայաստանն այսօր դառնում է «Խաղաղության խաչմերուկ»։ Դա նշանակում է, որ ՀՀ-ն կդառնա ոչ թե հազարների ու միլիոնների, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Այսօր մենք մի պետություն ենք, որն ընդունակ է ինքնուրույն կառուցել իր բարեկեցությունը, որն օժտված է այնպիսի պաշտպանական արդյունաբերությամբ, որ զենք է վաճառում զարգացած երկրներին»,- ասել է Փաշինյանը։
Հայաստան-ԵԱՏՄ-ԵՄ. գլխավորը
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին։ Միության կազմում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2026 թվականի I եռամսյակում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 1,41 մլրդ դոլար՝ արձանագրելով 15,6% անկում, իսկ Եվրամիության հետ՝ 763,2 մլն դոլար՝ 54,3% աճով։
2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ ստանդարտներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան մասնակցել են ԵՄ երկրների, Եվրոպայի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի հիմնական կարգախոսն էր «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»։

