1․5 - 5 մլն դրամ հավելյալ պատվովճար` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի պայմանագիրը երկարաձգելու համար. կառավարությունն ընդունեց նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղեկալ Արման Սարգսյանը հայտնեց, որ նախագծով սահմանվում են պատվովճարի չափերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության անցնող զինծառայողների կողմից 5 տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում։
«Զորակոչվածները, որոնք նախկինում 5 տարի ժամկետով ծառայում էին, զորացվելիս ստանում էին 5 մլն դրամ պատվովճար: Ներկայումս, եթե իրենք շարունակեն ծառայությունը ևս 2 տարով, այսինքն՝ 7 տարի ժամկետով, կստանան այդ 2 տարվա համար հավելյալ 1,5 մլն դրամ, իսկ եթե շարունակեն ևս 5 տարով, կստանան ևս 5 մլն դրամ», - ասաց Սարգսյանը։
«Որոշման նախագծով փոփոխվում է նաև Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները նախկին 6 ամսվա փոխարեն», - ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը հավելեց, որ 18 տարին լրանալուն պես բանակ զորակոչված ժամկետային զինծառայողը 4 ամիս անց կարող է դառնալ պայմանագրային և օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից ու ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում և 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարվա պարագայում՝ ևս 5 մլն:
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի զորակոչվածները կարող են այս 4 ամսվա տրամաբանության մեջ այլևս չսպասել 6 ամսվան՝ դառնալով պայմանագրային զինծառայող։

