Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Telegram-յան իր էջում տեսանյութ է հրապարկել` ներկայացնելով ՀՀ բանակի նոր զինանշանը։
Նշվում է, որ 2001 թ.–ին հաստատված և ՀՀ զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը։
Տեսանյութում նշվում է, որ նախկին զինանշանի հիմնական կերպարը` Արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը` իրանը։ Այն ձուլված է ընդհանուր մակերեսին` ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակետ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։
Նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։ Սակայն ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։
Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ։ Այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն։
Գերատեսչությունից հայտնում են, որ ՀՀ բանակի նոր զինանշանի նկարագրությունը Նոր զինանշանի կենտրոնական կերպարը` արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։
Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը` հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագագիր գիշատիչ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է ՀՀ բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը` պաշտպանել ՀՀ անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։
Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ` մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ. այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է։ Արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության արծվի հովանու և պաշտպանության ներքո։
Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ու տաթև արևախաչով, իսկ կենտրոնում` սերմահատիկով։ Որպես ՀՀ բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ` սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան վահանը արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։
Արծիվն իր 2 ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր` ձախում` ոսկեգույն սուր, իսկ աջում` Հայաստանի Հանրապետության բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը` Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։
Զինանշանի վերին հատվածում պատկերված է Հայաստանի պետական դրոշի եռագույնը և ՀՀ քարտեզը։ Այս տարրը զինանշանը ներդաշնակորեն կապում են ՀՀ-ի հետ` ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից 1 է», - հայտնում են նախարարությունից` նշելով, որ կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները ՀՀ բանակում շարունակվում են։

