Միրզոյանը հերքել է Հայաստանում «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին հայտարարությունները

26.05.2026, 20:34
Նա այդ թեզն անվանել է «հիվանդ երևակայության արդյունք» կամ «անմտություն»
Միրզոյանը հերքել է Հայաստանում «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կտրականապես հերքել է Հայաստանում իբր 300 հազար ադրբեջանցիների բնակեցման վերաբերյալ հայտարարությունները։ Նա այդ թեզն անվանել է «հիվանդ երևակայության արդյունք» կամ «անմտություն»։

«Մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում. կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես տարրական ուղեղի բջիջների մակարդակով չի հասկանում, թե ինչ է ասվում, կամ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, իհարկե, անօգուտ, սեղմել հասարակության համար ցավոտ կետերի վրա»,- երեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էժանագին «քաղաքական սպեկուլյացիա» էր անվանել 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու և Ղարաբաղի հայերի վերադարձի մասին լուրերը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի հետ երբևէ նման հարց չի քննարկել։