Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային բարեփոխումներ․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ձևավորել գիտահեն, կանխատեսելի և միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ։
Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հավելելով, որ այն ուղղված է օդի որակի արդյունավետ վերահսկմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։
Նա նշել է, որ ՀՀ-ում վերջին տարիներին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են խորքային և համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով երկարաժամկետ լուծումներ տալ օդի աղտոտվածության նվազեցման խնդիրներին։
«Այս նպատակով մշակվել է մթնոլորտային օդի պահպանության հնգամյա ծրագիր, որը սահմանում է հստակ քայլեր, գործողությունների հաջորդականություն և պատասխանատու կառույցներ՝ ոլորտի արդյունավետ կառավարման համար», -ասել է նախարարը։
Նրա խոսքով, զուգահեռաբար վերանայվել է օդի որակի գնահատման ամբողջ համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Փոխվել են չափման և վերլուծության մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ավելի ճշգրիտ, վստահելի և համադրելի տվյալներ օդի վիճակի վերաբերյալ։
Նա նշել է, որ օդի որակը գնահատվելու է նաև տարածքային սկզբունքով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները և բնապահպանական խնդիրները։
«Միաժամանակ երկիրը համալրվում է ժամանակակից դիտակայաններով, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել օդի որակի փոփոխություններին՝ ապահովելով տվյալների առավել հասանելիություն և թափանցիկություն հանրության համար»,-ասել է Մաթևոսյանը։
Ըստ նախարարի, խստացվել է նաև վերահսկողությունը շինարարական և հանքարդյունաբերական ոլորտներում գործող կազմակերպությունների նկատմամբ։ Սահմանվել են պարտադիր պահանջներ՝ փոշու արտանետումների նվազեցման նպատակով, իսկ դրանց չկատարման դեպքում նախատեսվում են պատասխանատվության հստակ մեխանիզմներ։
«Իրականացվող բարեփոխումների նպատակն է ապահովել ավելի մաքուր օդ, առողջ շրջակա միջավայր և կյանքի որակի բարձրացում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է նախարարը։

