Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03.06.2026, 17:28
Գագիկ Ծառուկյանը պահանջում է  Փաշինյանից զրպարտություն համարվող տվյալների հերքում, հրապարակային ներողություն և   ընդհանուր 9 մլն ՀՀ դրամ փոխհատուցում
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել  Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով զրպարտություն համարվող տվյալների հերքում, հրապարակային ներողություն, ինչպես նաև վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցում։

Ըստ հայցապահանջի՝ վեճի առիթը Նիկոլ Փաշինյանի կողմից 2026 թվականի մայիսի 28-ին տված ճեպազրույցն է, որի ընթացքում հնչեցված հայտարարությունները հայցվոր կողմը համարում է պատիվն ու արժանապատվությունն արատավորող։

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հրապարակային հերքմամբ և ներողությամբ։ Ըստ պահանջի՝ հերքման տեքստում պետք է նշվի, որ Ծառուկյանին «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելու, ինչպես նաև «ժողովրդին թալանելու» և «օտարերկրյա հատուկ ծառայությունների ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ հայտարարությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

Հայցով պահանջվում է հերքման և ներողության տեսանյութերն ու տեքստերը պարտադիր տարածել հայաստանյան առաջատար հավատարմագրված մի շարք լրատվամիջոցներով։

Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 9 միլիոն ՀՀ դրամ, որից՝

  • 6,000,000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում,
  • 3,000,000 դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում։

Պատասխանողից պահանջվում է նաև բռնագանձել դատական ծախսերը՝ նախապես վճարված 310,000 դրամ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օտարերկրյա գործակալ է և օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակում։