Նոր Խարբերդում 26-ամյա տղայի դի է հայտնաբերվել. ևս մեկ անձ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին․ «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել նույն վայրից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա քաղաքացու կյանքը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, մայիսի 24-ին ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Աղբյուրի տեղեկություններով` տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Գ. Գ․-ն, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գ. Կ․-ն։
Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

