Ողբերգություն՝ Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում․ աշխատակիցը 4-րդ հարկից վայր է ընկել ու մահացել
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 2-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 14/1 նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա։
Իրավապահները պարզել են, որ մահացածը նշված շինհրապարակում աշխատող՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Ս.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլիտար կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսօր սա երկրորդ դեպքն է, երբ նոր կառուցվող շենքի շինհրապարակում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

