«Բոլորին դեմ եմ»-ն իրականացրեց «գործ կարելու» ակցիա

02.06.2026, 16:14
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացրեց «գործ կարելու» ակցիա
«Բոլորին դեմ եմ»-ն իրականացրեց «գործ կարելու» ակցիա

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացրեց «գործ կարելու» ակցիա։

Ակցիայի շրջանակում ոստիկանական գլխարկով մասնակիցը Spider-Man–ի հագուստին կարեց թուղթ, որի վրա գրված է գործ և նրան ձեռնաշթայով ուղեկցեց դեպի մեքենան։

Կուսակցությունից հայտնում են, որ ակցիայի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են քաղաքական նպատակներով հակառակորդների, քննադատների, ինչպես նաև Արթուր Օսիպյանի (Արցախի նախկին քաղաքական, հասարակական գործիչ, խմբ․) նման բարդ հարցեր տվող քաղաքացիների վրա գործեր կարվում։

«Դուք տեսաք, որ Spider-Man–ի վրա ձեր աչքի առջև գործ կարվեց, ինչը մենք տեսնում ենք նաև իրականությունում։ Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արթուր Օսիպյանին ձերբակալել են», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով` Հայաստանում կան նաև այլ քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ «գործերը տարբեր կերպ կարվել են»։