ՆԳՆ պարզաբանումը. ՀՀ-ում համապետական ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի քաղաքացիները։
«Ինչպես տեղյակ եք, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերոնշյալ գործերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են․ դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն նաև նշել է, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունն արձանագրվում է ոչ թե դատական ակտով՝ դատարանի կատարած եզրահանգումների հիման վրա, այլ օրենսդրական համապատասխան նորմերով:
Գերատեսչությունը կրկին պարզաբանել է, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները և կոչ արել չտրվել մոլորեցնող հայտարարություններին և դրանց հիման վրա չկատարել անօգտակար գործողություններ։

