ԱԺ ընտրություններին ժամը 20։00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97%–ը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ հերթական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է 1,476,597 ընտրող կամ ընդհանուր թվի 58,97%-ը, հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 503 976 մարդ։
ԿԸՀ տվյալներով՝ Երևանում քվեարկել է 58,46%-ը (496․643 մարդ), Արագածոտնի մարզում՝ ընտրողների 61,7%-ը (69 993), Արարատում՝ 59,87%-ը (131 819), Արմավիրում՝ 55,8 %-ը (126 302), Գեղարքունիքում՝ 54,6%-ը (97 114), Լոռիում՝ 58,59%-ը (124 983), Կոտայքում՝ 61,66%-ը (148 302), Շիրակում՝ 55,46%-ը (115 249), Սյունիքում՝ 66,67% (71 320 մարդ), Վայոց Ձորում՝ 65,63%-ը (29 293) և Տավուշում՝ 63,4%-ը (65 579)։
Նշենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ նախորդ՝ արտահերթ ընտրություններում ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել էր 1 281 174 ընտրող կամ 49,4%-ը։ Ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում էր 2 593 572 մարդ։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

