Ի՞նչ կրել Մարտի 8-ին և որո՞նք են Գարուն 2026-ի գլխավոր թրենդերը. դիզայներ Ֆաինա Հարությունյանը՝ ոճային սխալների և նորաձև միտումների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Գարունը թարմության, ինքնաարտահայտման և ոճային վերափոխումների շրջան է, իսկ Մարտի 8-ի նախաշեմին կանացիության ընդգծման ու կատարյալ կերպարի որոնումները դառնում են առավել քան առաջնային
Ի՞նչ կրել այս գարնանը, և ինչպե՞ս ընդգծել անհատականությունը տոնական օրերին։ «Նովոստի–Արմենիա»-ի հետ հարցազրույցում դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանն անդրադարձել է 2026 թվականի գարնանային միտումների էվոլյուցիային, վերլուծել տոնական կերպարների ստեղծման հոգեբանական նրբությունները և տվել գործնական խորհուրդներ, թե ինչպես ձևավորել բազային զգեստապահարանն ու խուսափել տարածված ոճային սխալներից։
«Նովոստի–Արմենիա»․ որո՞նք են 2026 թվականի գարնանային նորաձևության գլխավոր միտումները։
Ֆ․ Հարությունյան․ 2026-ի գարունը ընդգծված կանացիության և ուրվագծերում թեթև ճարտարապետական լուծումների համադրության սեզոն է. թափանցիկ կտորներ, նուրբ զգեստապատկերներ, թեթև ծավալներ։ Նորաձև են ծաղկային նախշերը, վոլանները, ասիմետրիան, ինչպես նաև տարրեր, որոնք կերպարը դարձնում են փոքր-ինչ թատերական և հիշվող։ Ընդհանուր առմամբ, սեզոնի թրենդը ռոմանտիկ, բայց ինքնավստահ կնոջ կերպարն է։
«Նովոստի–Արմենիա»․ ո՞ր գույներն են թելադրող այս տարի, և կա՞ մի երանգ, որը համարվում է այս գարնան «թոփ» գույնը։
Ֆ․ Հարությունյան․ այս սեզոնին շատ են նուրբ, բաց երանգները: Հատկապես արդիական են վարդագույնը (пудрово-розовый), սերուցքային բեժը, երկնագույնը և մեղմ կանաչը:

«Նովոստի–Արմենիա»․ շուտով կանանց տոնն է։ Մարտի 8-ին յուրաքանչյուր կին ձգտում է անթերի տեսք ունենալ։ Ինչպե՞ս ներկայանալ այդ օրը, և ինչպե՞ս ընտրել տպավորիչ կերպար։
Ֆ․ Հարությունյան․ ես միշտ խորհուրդ եմ տալիս ընտրել այնպիսի հագուստ, որում կինն իրեն ինքնավստահ է զգում: Դա կարող է լինել էլեգանտ զգեստ, կոստյում կամ նույնիսկ պարզ կերպար, բայց գեղեցիկ դետալներով, օրինակ՝ լայն թևքերով, վոլաններով կամ կտորի հետաքրքիր տեքստուրայով: Կարևորն այն է, որ կերպարն արտացոլի տոնական տրամադրությունն ու կանացիությունը:

«Նովոստի–Արմենիա»․ հաճախ հնարավոր չէ ամբողջությամբ թարմացնել զգեստապահարանը։ Ի՞նչ փոքրիկ դետալ կամ աքսեսուար կարող է սովորական զգեստը դարձնել ավելի տոնական։
Ֆ․ Հարությունյան․ երբեմն բավական է միայն մեկ շեշտադրում: Դա կարող է լինել կրծքազարդը, խոշոր մատանիները կամ տպավորիչ գոտին, որն ամբողջությամբ փոխում է կերպարի տրամադրությունը: Նույնիսկ ամենահասարակ հագուստը կարելի է դարձնել տոնական՝ ճիշտ ընտրված աքսեսուարների օգնությամբ:
«Նովոստի–Արմենիա»․ ոմանք կարծում են, որ նորաձև լինելը թանկ հաճույք է։ Ինչպե՞ս ունենալ շքեղ տեսք՝ առանց հսկայական գումարներ ծախսելու։
Ֆ․ Հարությունյան․ շքեղ կերպարը պարտադիր չէ, որ լինի թանկարժեք իրերից: Շատ բան կախված է ձևվածքից, կտորից, հագուստի նստվածքից և խնամվածությունից: Լավ նստած ժակետը, որակյալ կտորը, մաքուր գծերն ու ճիշտ աքսեսուարները կարող են շատ ավելի թանկ տեսք ունենալ, քան վառ լոգոներով իրերը: Երբեմն մինիմալիզմը շատ ավելի էլեգանտ է դիտվում: Վուլգարությունը չի կարող լինել շքեղություն:

«Նովոստի–Արմենիա»․ որո՞նք են այս սեզոնի գլխավոր հակաթրենդերը, ինչի՞ց պետք է հրաժարվել այս տարի։
Ֆ․ Հարությունյան․ չափազանց շատ դետալներ, չափազանց շատ լոգոներ, չափազանց բարդ համադրություններ: Հիմա գնահատվում են կերպարի մաքրությունը, հավասարակշռությունը և անհատականությունը։
«Նովոստի–Արմենիա»․ կա՞ որևէ մի հագուստ կամ իր, որը պետք է լինի յուրաքանչյուր կնոջ բազային զգեստապահարանում՝ անկախ նորաձևության միտումներից։
Ֆ․ Հարությունյան․ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի կատարյալ պիջակ (ժակետ): Դա ունիվերսալ իր է, որը կարող է «աշխատել» թե՛ ցերեկային, թե՛ երեկոյան կերպարներում: Ժակետի օգնությամբ կարելի է ստեղծել մեծ քանակությամբ համադրություններ՝ խիստ ոճից մինչև շատ կանացի:
Այն հիանալի համադրվում է թե՛ զգեստների, թե՛ ջինսերի հետ՝ ցանկացած առիթի համար։

«Նովոստի–Արմենիա»․ ինչպե՞ս են փոխվել հայ կանանց նախասիրությունները վերջին տարիներին. արդյո՞ք նրանք դարձել են ավելի համարձակ իրենց ընտրության մեջ։
Ֆ․ Հարությունյան․ այո՛, վերջին տարիներին հայ կանայք շատ ավելի համարձակ են դարձել ընտրության հարցում:
«Նովոստի–Արմենիա»․ որպես դիզայներ՝ ի՞նչն եք ամենաշատը գնահատում հայ կանանց կերպարում, և ո՞րն է նրանց ոճի գլխավոր առանձնահատկությունը։
Ֆ․ Հարությունյան․ հայ կանայք օժտված են շատ ուժեղ բնական խարիզմայով և միշտ շքեղ տեսք ունեն: Դա թերություն չէ, դա մեր առավելությունն է։

«Նովոստի–Արմենիա»․ ո՞րն է այն ամենատարածված «ոճային սխալը», որն անում են կանայք՝ փորձելով լինել չափազանց նորաձև:
Ֆ․ Հարությունյան․ ամենատարածված սխալը չափից դուրս նորաձև լինելու ձգտումն է: Երբ մարդը միանգամից փորձում է կրկնել բոլոր թրենդերը, կերպարը կորցնում է անհատականությունը: Նորաձևությունը պետք է լրացնի մարդուն, ոչ թե փոխարինի նրան:

«Նովոստի–Արմենիա»․ նորաձևության ֆոնին՝ ինչպե՞ս պահպանել սեփական «ձեռագիրը» և չկորցնել անհատական կերպարը արագ փոփոխվող թրենդերի մեջ։
Ֆ․ Հարությունյան․ իրական ոճն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը հասկանում է ինքն իրեն և ընտրում է այնպիսի իրեր, որոնք արտացոլում են իր բնավորությունը: Այդ պատճառով ես միշտ խորհուրդ եմ տալիս չվախենալ լինել այնպիսին, ինչպիսին կաք, և փնտրել սեփական վիզուալ լեզուն:

