Ոչ միայն լուրեր․ ինչպես է «ԱՌԿԱ» գործակալությունը զարգացնում բիզնես վերլուծությունը Հայաստանում

23.11.2026, 15:36
«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովն անդրադարձել է այն հարցին, թե ինչու է «ԱՌԿԱ»-ն որոշել հետազոտել Հայաստանի բրոքերային շուկան, ինչ միտումներ է բացահայտել և ինչ վերլուծական պրոդուկտներ է առաջարկում բիզնեսին
Ոչ միայն լուրեր․ ինչպես է «ԱՌԿԱ» գործակալությունը զարգացնում բիզնես  վերլուծությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը ներկայացրել է «Հայաստանի բրոքերային շուկան – 2026» հետազոտությունը, որը հիմնված է շուկայի հինգ մասնակիցների ներկայացուցիչների հետ հարցազրույցների վրա։

«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը «Նովոստի–Արմենիա»–ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է գործակալությունը որոշել զբաղվել այս թեմայով, հայկական ներդրումային շուկայի ինչ առանձնահատկություններ է բացահայտել հետազոտությունը և ինչ վերլուծական պրոդուկտներ է «ԱՌԿԱ»-ն առաջարկում բիզնեսին։

«Նովոստի-Արմենիա» — Ինչպե՞ս առաջացավ Հայաստանի բրոքերային շուկայի հետազոտության գաղափարը։

Կ. Պետրոսով — Ամեն ինչ սկսվեց արտասահմանյան ընկերություններից մեկի կոնկրետ հարցումից, որին հետաքրքրում էր Հայաստանի բրոքերային շուկայի վիճակը։ Մենք սկսեցինք ուսումնասիրել թեման և հասկացանք, որ տեղեկատվություն կարծես թե շատ կա, բայց ամբողջական պատկերը բացակայում է։

Կա վիճակագրություն, հաշվետվություններ, շուկայի մասնակիցների առանձին հայտարարություններ։ Բայց ինչպե՞ս են հենց իրենք՝ բրոքերները, գնահատում դրա զարգացումը։ Ի՞նչն են համարում գլխավոր խոչընդոտները։ Ո՞վ ավելի արագ կաճի՝ բանկե՞րը, թե՞ ներդրումային ընկերությունները։ Ինչպե՞ս է փոխվում ներդրողների վարքագիծը։

Մենք որոշեցինք չսահմանափակվել սկզբնական հարցման պատասխանով, այլ անցկացնել ինքնուրույն համեմատական հետազոտություն, որն օգտակար կլինի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների ավելի լայն շրջանակի համար։

«Նովոստի-Արմենիա» — Ի՞նչ է իրենից ներկայացնում հետազոտությունը, և ի՞նչն է դրանում առավել հետաքրքիր։

Կ. Պետրոսով — Մենք տասը միանման հարց ենք ուղղել շուկայի հինգ մասնակիցների՝ Ameriabank-ի, Unibank-ի, Freedom Finance Armenia-ի, Landmark Capital-ի և Sirius Capital-ի ներկայացուցիչներին։

Հետաքրքիր ստացվեց ոչ միայն այն, թե ինչում են նրանց գնահատականները համընկնում, այլև այն, թե որքան տարբեր են նրանք տեսնում շուկան։

Օրինակ՝ նույնիսկ շուկայի մասշտաբը մասնակիցները տարբեր կերպ են գնահատում։ Ոմանք կողմնորոշվում են բացված բրոքերային հաշիվների քանակով, մյուսներն՝ ակտիվ ներդրողների թվով, երրորդներն՝ ակտիվների ծավալով կամ գործարքների քանակով։ Եվ սա սկզբունքային պահ է. բացված բրոքերային հաշիվը դեռ չի նշանակում, որ մարդն իրականում ներդրումներ է կատարում։

Նմանատիպ իրավիճակ է նաև մրցակցության հարցում։ Ոմանք կարծում են, որ առավելությունը կլինի բանկերի կողմը՝ շնորհիվ նրանց հաճախորդների բազայի և թվային հավելվածների։ Մյուսները խաղադրույք են կատարում մասնագիտացված ներդրումային ընկերությունների վրա։

Հետազոտության մեջ մենք համադրել ենք այդ դիրքորոշումները, առանձնացրել հիմնական միտումները և դիտարկել մինև 2030 թվականը շուկայի զարգացման հնարավոր սցենարները։

«Նովոստի-Արմենիա» — Ո՞րն է գլխավոր եզրակացությունը, որն արեցիք ձեզ համար։

Կ. Պետրոսով — Իմ կարծիքով՝ շուկան աստիճանաբար բրոքերային հաշիվների բացման համար պայքարից անցնում է ակտիվ ներդրողի համար պայքարի։

Տեխնոլոգիական առումով ներդրումներ կատարելն ավելի հեշտ է դառնում։ Բայց հաշիվ բացելը մի բան է, իսկ կանոնավոր կերպով գումար ներդնելը, ռիսկերը հասկանալն ու ներդրումային պորտֆել ձևավորելը՝ բոլորովին այլ բան։

Եվ այստեղ առաջին պլան են մղվում ֆինանսական գրագիտությունը, վստահությունը, ներդրումային պրոդուկտների որակը և մարդկանց մոտ ազատ միջոցների առկայությունը։

Եվս մեկ կարևոր պահ. բրոքերային ծառայությունների զարգացումը պարտադիր չէ, որ նշանակի բուն հայկական կապիտալի շուկայի զարգացում։ Հաճախորդները կարող են ակտիվորեն ներդրումներ կատարել տեղական միջնորդների միջոցով, բայց առավելապես արտասահմանյան գործիքներում։ Ուստի ներքին շուկայում առաջարկի ընդլայնման հարցը մնում է արդիական։

«Նովոստի-Արմենիա» — Ո՞ւմ կարող է օգտակար լինել այս հետազոտությունը։

Կ. Պետրոսով — Առաջին հերթին՝ բանկերին, ներդրումային և բրոքերային ընկերություններին։ Այն թույլ է տալիս համադրել շուկայի վերաբերյալ սեփական պատկերացումը այլ մասնակիցների գնահատականների հետ, տեսնել տարբեր բիզնես մոդելների մրցակցային առավելությունները և աճի հնարավոր ուղղությունները։

Բացի այդ, հետազոտությունը կարող է հետաքրքիր լինել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, խորհրդատվական ընկերություններին, պոտենցիալ ներդրողներին և բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են Հայաստանի կապիտալի շուկան։

Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ սա շուկայի վիճակագրական մարդահամար չէ։ Մենք չենք հավակնում դրա բոլոր քանակական ցուցանիշների սպառիչ գնահատմանը։ Հետազոտության արժեքը փորձագիտական դիրքորոշումների համակարգված համեմատության, համընկնումների, հակասությունների և առանցքային միտումների բացահայտման մեջ է։

«Նովոստի-Արմենիա» — «ԱՌԿԱ»-ն վաղուց է թողարկում ֆինանսատնտեսական տեղեկագրեր։ Ինչո՞վ է նոր հետազոտությունը տարբերվում ձեր ավանդական պրոդուկտներից։

Կ. Պետրոսով — Իրոք, վերլուծությունը մեզ համար նոր ուղղություն չէ։ Գործակալությունը տնտեսական տեղեկատվության հետ աշխատում է արդեն 30 տարի։

Մենք թողարկում ենք «Հայաստանի բանկերը» և «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագրերը, որոնցում համակարգված են համապատասխան շուկաների մասնակիցների ֆինանսական ցուցանիշները։ Կան «ԱՌԿԱ-Բիզնես», ARKA Armenia Weekly և Armbanks Weekly Digest շաբաթական պրոդուկտները, որոնք ուղղված են պրոֆեսիոնալ լսարանին։

Այժմ զարգացնում ենք նաև այլ ուղղություններ՝ ճյուղային հետազոտություններ, համեմատական ամփոփագրեր, բանկերի և ներդրումային ընկերությունների մամուլի վարկանիշեր։

Տարբերությունը մոտեցման մեջ է։ Վիճակագրական տեղեկագիրը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունեցել ցուցանիշների հետ։ Վերլուծական հետազոտությունն օգնում է հասկանալ, թե ինչու է շուկան զարգանում որոշակի ձևով, և ինչ գործոններ կարող են ազդել դրա վրա ապագայում։

Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն ունենան երկու գործիքն էլ։

«Նովոստի-Արմենիա» — Պլանավորու՞մ եք, արդյոք, նմանատիպ հետազոտություններ անցկացնել այլ ուղղություններով։

Կ. Պետրոսով — Այո։ Ավելին՝ բրոքերային շուկայի հետ կապված փորձը մեզ մի հետաքրքիր բան ցույց տվեց. ընկերությունների հարցումները կարող են մեկնարկային կետ դառնալ նոր վերլուծական պրոդուկտների համար։

Մեզ հետաքրքրում են ոչ միայն բանկերը և կապիտալի շուկան, այլև տնտեսության այլ սեգմենտներ, որտեղ որոշումներ կայացնելու համար որակյալ տեղեկատվության պահանջարկ կա։

Մենք պատրաստ ենք նաև անցկացնել անհատական հետազոտություններ՝ ընկերությունների և կազմակերպությունների հարցումներով։

«ԱՌԿԱ»-ի համար սա բնական զարգացում է։ Լրատվական գործակալությունն ամեն օր հավաքում և ստուգում է տեղեկատվության հսկայական ծավալ։ Հաջորդ քայլն այդ տեղեկատվությունը համակարգված տվյալների, համեմատությունների և վերլուծության վերածելն է, որոնք ունեն ինքնուրույն գործնական արժեք։

Մեր խնդիրն է ոչ միայն շուկային հայտնել, թե ինչ է տեղի ունեցել, այլև օգնել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և ինչու է դա կարևոր։