Փաշինյանը պարզաբանել է Միրզոյանի` «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը

12.05.2026, 17:16
Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ինչ-որ բան է շշնջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին, ենթադրաբար՝ Թուրքիայի վերաբերյալ
Փաշինյանը պարզաբանել է Միրզոյանի` «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ինչ-որ բան է շշնջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին, ենթադրաբար՝ Թուրքիայի վերաբերյալ։ Ձայնագրության մեջ առկա աղմուկի պատճառով բառերն ամբողջությամբ անհասկանալի են։

Լրատվամիջոցներում միևնույն ժամանակ տարածվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ ձայնագրության մեջ լսվում է Միրզոյանի հետևյալ արտահայտությունը. «Թուրքերն այսօր բացում են: Հիշեք կոդերը, եկեք welcoming տեքստ անենք ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությամբ, բայց չգիտեմ, դուք ասեք»:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով տեղի ունեցածը, Միրզոյանը հայտարարել է, որ հարցը գտնվում է դեռևս քննարկման փուլում, և այս պահին այն հրապարակայնորեն հնչեցնելու անհրաժեշտություն չկա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի`«թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը։

Փաշինյանը հայտնել է, որ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս արտահանման ժամանակ Հայաստանը նշել որպես հասցեատեր առաքման երկիր։

«Ձևակերպվում էր երրորդ երկիր, երրորդ երկրից նոր արտահանվում էր Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Այժմ, Փաշինյան խոսքով, Թուրքիայի օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվում, որոնք թույլ են տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր։

Հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերին հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեցին առանց նախապայմանների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը։

2025 թվականի ապրիլի 12-ին երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների քանակի ավելացմանն ուղղված նախագծերը։