10, 11 թե՞ 12 տարի․ ՀՀ–ում պարտադիր կրթության տևողությունը պետք է սահմանվի օրենքով, ոչ թե Սահմանադրությամբ․ Փաշինյան

26.11.2026, 14:28
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել հիմնական կրթության պարտադիր լինելը և դրա տևողությունը
10, 11 թե՞ 12 տարի․ ՀՀ–ում պարտադիր կրթության տևողությունը պետք է սահմանվի օրենքով, ոչ թե Սահմանադրությամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Պարտադիր կրթության տևողության հարցում Հայաստանը պետք է պահպանի ճկունություն, քանի որ ապագայում այն կարող է լինել 10, 11 կամ 12 տարի` կախված կրթական տեխնոլոգիաների զարգացումից։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում պարտադիր կրթության վերաբերյալ դրույթին։

Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել հիմնական կրթության պարտադիր լինելը և դրա տևողությունը։ Նա նշել է, որ Սահմանադրությունում պետք է ամրագրվի հիմնական կրթության պարտադիր լինելու սկզբունքը, իսկ դրա տևողությունը պետք է կարգավորվի օրենքով։

«Թե հիմնական կրթությունը որքան պետք է տևի, ես կարծում եմ, որ դրան անդրադարձ ունենալը Սահմանադրությունում տրամաբանական չէ, որովհետև կրթական տեխնոլոգիաներն են փոխվում։ Կարող է պարզվի՝ դա 12 տարի է, կարող է պարզվի՝ 11 տարի է, կարող է պարզվի՝ 10 տարի է», - ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ պարտադիր կրթության տևողության հարցի շուրջ բանավեճեր կան ոչ միայն Հայաստանում։ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է պահպանել ճկունությունը և հարցին անդրադառնալ՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի իրավիճակից։

«Այս պահին մենք կանխավարկած չունենք որևէ ժամկետի հետ կապված», - նշել է Փաշինյանը։