TRIPP-ի իրականացման նոր փուլ․ կառավարությունը հավանություն է տվել հայ-ամերիկյան բաժնետիրական համաձայնագրին
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ կատավարությունը հավանություն է տվել «TRIPP զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին լիազուրոթւյուն վերապահելու մասին» որոշման նախագծին։
Համաձայնագիրը սահմանում է ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցենցիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ բաժնետիրական համաձայնագիրը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև 2026 թվականի հունիսի 4-ին ստորագրված շրջանակային համաձայնագրի կիրառման կարևոր քայլերից մեկն է։
«Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74%, իսկ Հայաստանի Հանրապետությունը 26% բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը», - նշել է Ղալեչյանը կառավարության նիստում։
Նրա խոսքով` ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը։ Համաձայնագրով նախատեսվում են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ որոշումների կայացման մեխանիզմներ, որոնք պահանջում են երկու կողմերի համաձայնությունը։
Մասնավորապես, առանձնացվելու է վերապահված հարցերի 16 խումբ։ Դրանց թվում են քաղաքական նշանակություն ունեցող որոշումներին, ընկերության սեփականության կառուցվածքին, ծրագրերին երրորդ կողմերի մասնակցությանը, ներդրողների ընտրությանը, կոնցեսիոն պայմանագրերի պայմանների սահմանմանը, ֆինանսական և տնտեսական առանցքային որոշումներին, գործադիր մարմնի ընտրությանը և գնումների քաղաքականությանը վերաբերող հարցերը։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը շարունակում է մնալ Հայաստանի կառավարությունը։
«Բաժնետիրական համաձայնագրով ձևավորվում է կառավարման այնպիսի մոդել, որը մի կողմից կարևորում է ամերիկյան կողմի դերակատարությունը ծրագրի զարգացման, ներդրումների ներգրավման և ընկերության արդյունավետ կառավարման գործում, իսկ մյուս կողմից՝ ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը և երաշխավորում է մեր պետական և տնտեսական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները», - նշել է Ղալեչյանը։
Նրա խոսքով`համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական փուլ տեղափոխելու, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և Հայաստանի տնտեսական ու տարանցիկ ներուժի իրացման ուղղությամբ։
Փոխնախաարրը հայտնել է, որ համաձայնագրի ստորագրմանն արդեն կհաջորդի TRIPP զարգացման ընկերության հիմնադրումը և գործունեության ծավալումը Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն բնութագրել է որպես Հայաստանի անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծը։
«Ըստ էության, թե՛ տնտեսական մասշտաբայնության առումով, թե՛ զուտ ֆինանսական առումով, թերևս մեր անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է սա, որը մենք պետք է իրականացնենք», - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ բաժնետիրական համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, և այն կստորագրվի առաջիկայում՝ մեկ շաբաթվա ընթացքում։
Վարչապետը հիշեցել է, որ TRIPP նախագծի գործնական իրականացման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքներն առայժմ իրականացնում է Հայաստանի կառավարությունը, իսկ ընկերության ամբողջական ձևավորումից հետո դրանք կփոխանցվեն TRIPP զարգացման ընկերությանը, որպեսզի աշխատանքները շարունակվեն առանց ժամանակ կորցնելու։
TRIPP նախագծի մասին
TRIPP-ը նախատեսում է տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում Հայաստանի տարածքով, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Նախագիծը նաև կոչված է ապահովելու նոր տրանսպորտային հնարավորություններ Հայաստանի համար և նրա ինտեգրումը միջազգային լոգիստիկ երթուղիներին։

