Ո՞ր հանցագործությունների դեպքում անձը կարող է զրկվել քաղաքացիությունից․ պարզաբանում է արդարադատության նախարարը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է սահմանադրական կարգի հիմունքների և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար դատարանի որոշմամբ անձին զրկել քաղաքացիությունից։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ CivilNet-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով նախագծի՝ հանրային քննարկում առաջացրած դրույթներից մեկը։
Նշենք, որ նոյեմբերի 23-ին հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։
«Մենք կարծում ենք, որ նման հնարավորություն պետք է լինի, բայց միայն սահմանափակ հնարավորությամբ։ Այս պահին նախագծում հետևյալ դրույթը կա՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում դատարանի որոշմամբ կարող է անձը զրկվել քաղաքացիությունից», - նշել է Գալյանը։
Նախարարն ընդգծել է, որ այս կարգավորւմը պետք է կիրառվի այնպես, որ չհակասի Հայաստանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես ապաքաղաքացիության կրճատման հետ կապված պարտավորություններին։
Նա նշել է, որ առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք մարդը կարող է զրկվել Հայաստանի քաղաքացիությունից, եթե նա չունի այլ երկրի քաղաքացիություն։ Գալյանի խոսքով՝ այս ասպեկտը լրացուցիչ ուսումնասիրություններ և քննարկումներ է պահանջում։
«Հարցը միանշանակ է այն դեպքերում, երբ անձն առնվազն ունի այլ երկրի քաղաքացիություն․ մենք միջազգային պարտավորությունների խախտման մասին չենք կարող խոսել։ Բայց կան նաև միջազգային այլ փորձեր, որոնք նույնիսկ այդ պայմաններում շատ սեղմ կարգավորումներ ունեն և շատ դեպքերում արդարության կոմպոնենտ էլ կա քաղաքացիությունից զրկելու», - պարզաբանել է նախարարը։
Որպես օրինակ Գալյանը նշել է պետական դավաճանությունը, լրտեսությունը, պետական գաղտնիքի հրապարակումը, դիվերսիան և նմանատիպ այլ հանցագործություններ։
Նրա խոսքով՝ նման դեպքերում համաչափության սկզբունքը կարող է պահպանված համարվել։
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակում անհրաժեշտ է համոզվել, որ նախատեսված կարգավորումները չեն խոչընդոտում Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացմանը։

