Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի նյութերը կորել են Վերաքննիչ դատարան փոխանցելու ընթացքում․ փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ դատարան փոխանցելու ընթացքում, հայտարարել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Առաջին ատյանից մեկ շաբաթ առաջ նյութերը դուրս են եկել, Վերաքննիչ դատարանում չեն ստացվել», - նշել է Խուդոյանը ասուլիսի ժամանակ։
Խուդոյանը պարզաբանել է, որ բողոքի քննությունը սկսվում է գործի նյութերը Վերաքննիչ դատարան հասնելու և կոնկրետ դատավորի մակագրվելուց հետո։
«Զանգերով գործընկերներս ճշտել են, որ մոտ մի շաբաթ առաջ այդ գործի նյութերն առաջին ատյանն ուղարկել է, բայց Վերաքննիչ դատարանը չի ստացել։ Հետևաբար, եզրահանգում ենք, որ այդ գործի նյութերը մի տեղ կորել են», - ասել է Խուդոյանը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսին Հայաստանի գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել ինը դրվագով, որոնք առնչվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, կաշառք ստանալուն և փողերի լվացմանը։
Օգոստոսի 27-ին դատարանը նրան կալանավորել էր երկու ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 23-ին Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

