Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է․ ՍԱՏՄ–ը՝ վարակված խոզերի ներկրման մասին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է երկիր վարակված խոզերի մեծ խմբաքանակի ներմուծման մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը։
«Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացվում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։
«Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես Տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը թույլտվություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշում են, որ ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են լիազոր մարմնի անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար Տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։
Նշվում է նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իր լիազորությունների շրջանակներում, ապահովում է և՛ ներմուծող, և՛ արտադրող տնտեսավարողների բնականոն գործունեությունը՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

