Զվարճալի տեսարան է, երբ սրճարանում մի բաժակ սուրճ ես պատվիրում, մեկ էլ թղթեր ա, որ տալիս են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

26.11.2026, 13:20
Իսկապես շատ զվարճալի տեսարան է, երբ, մասնավորապես սրճարաններում, մի բաժակ սուրճ ես պատվիրում, մեկ էլ թղթեր ա, որ տալիս են՝ մի թղթապանակ թուղթ․ ՎԻԴԵՈ
Զվարճալի տեսարան է, երբ սրճարանում մի բաժակ սուրճ ես պատվիրում, մեկ էլ թղթեր ա, որ տալիս են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զվարճալի է համարել այն իրավիճակը, երբ սրճարանում մեկ բաժակ սուրճ պատվիրելիս այցելուին միանգամից երեք տարբեր թղթեր են տրամադրում։

Նա հայտարարել է, որ անկանխիկ վճարումների դեպքում անհրաժեշտ է անցնել էլեկտրոնային կտրոնների միասնական համակարգի։

«Իսկապես շատ զվարճալի տեսարան է, երբ, մասնավորապես սրճարաններում, մի բաժակ սուրճ ես պատվիրում, մեկ էլ թղթեր ա, որ տալիս են՝ մի թղթապանակ թուղթ։ Երեք թուղթ, հետո դժվար է տարբերել՝ որը որ թուղթն է», - նշել է Փաշինյանը կառավարության նիստում։

Նա նշել է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել թղթային կտրոններից և անցնել միասնական էլեկտրոնային կտրոնի, որը կձևավորվի ավտոմատ կերպով և կպարունակի անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ համակարգի մոդելն արդեն ամբողջությամբ քննարկվել և հաստատվել է։ Ներկայումս մասնավոր հատվածի և Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքներ են տարվում համապատասխան ընթացակարգերի և տեխնիկական լուծումների ուղղությամբ։

Նրա խոսքով՝ կոնկրետ մեխանիզմները նախատեսվում է ներկայացնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իսկ համակարգի ներդրման ժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է։

Փաշինյանն ընդգծել է, որ այն սկզբունքային նշանակություն ունի ստվերային շրջանառության դեմ պայքարի, հարկային մուտքերի ավելացման, պետական կառավարման կատարելագործման և կոռուպցիայի հակազդման համար։

Նա նաև հիշեցրել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում պետք է ներառվեն նոր ապրանքախմբեր, որոնց դեպքում կկիրառվեն QR կոդեր։