Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ վարչապետի պաշտոնին չհավակնելու իր առաջարկը վերաբերել է Սահմանադրության հանրաքվեից հետո հնարավոր զարգացումներին, այլ ոչ թե Սահմանադրության հանրաքվեից առաջ անցկացվելիք արտահերթ ընտրություններին
«Եթե ընդդիմությունը չընդունի մեր առաջարկը, և մենք գնանք արտահերթ ընտրությունների, ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին։ Բնականաբար, ես չեմ կարող այդ պրոցեսի առաջնորդությունը հենց այնպես թողնել», - ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին իր հայտարարությունը վերաբերել է ընդդիմությանն ուղղված առաջարկին՝ կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։
Փաշինյանն անդրադարձել է նաև իր քաղաքական վստահելիության վերաբերյալ ընդդիմության մտահոգություններին՝ հիշեցնելով, որ 2018 թվականի հեղափոխության պատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնին չառաջադրվելու խոստումից հետո առաջադրվելն էր։
Նրա խոսքով՝ եթե ինքն էլ չկատարի հանրության առջև ստանձնած պարտավորությունը, կարող է նույն կերպ հեղափոխական իրավիճակ ստեղծել։
Վարչապետն ընդգծել է, որ իր հայտարարությունը վերաբերում է անձամբ իրեն, ոչ թե իր ղեկավարած կուսակցությանը։
«Ես խոսում եմ իմ մասին։ Ես ինչպե՞ս կարող եմ ասել, որ որևէ քաղաքական ուժ չի հավակնելու որևէ բանի։ Ես խոսում եմ անձամբ իմ մասին։ Կուսակցության հետ կապված արդեն ժողովուրդը ընտրություններում որոշում կկայացնի։ Իհարկե, կուսակցության որոշումներին ես որևէ մասնակցություն կունենամ», - հայտարարել է Փաշինյանը։
Փաշինյանի առաջարկի մասին
Ավելի վաղ վարչապետն ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Նա հայտարարել էր, որ եթե ժողովուրդը հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկի նախագծին, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից, իսկ եթե կողմ քվեարկի, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու։

