Մոր լուսանկարը, շաքար չորակին ու Արարատը․ Ավետիք Իսահակյանի կյանքի քիչ հայտնի պատմությունները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նա ճանապարհորդությունների ժամանակ իր հետ տանում էր մոր լուսանկարը, սիրում էր գյումրվա շաքար չորակին, կարդում էր Գյոթեին ու Նիցշեին բնագրով, իսկ հայրենիքից հեռու սրտում պահում էր Ալագյազն ու Արարատը։
Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանում պահպանված անձնական իրերն ու հիշողությունները բացահայտում են բանաստեղծի ոչ միայն գրական, այլև մարդկային կերպարը։
Բանաստեղծի ծննդյան 151-ամյակի առթիվ «Նովոստի–Արմենիան» ներկայացնում է նրա կյանքի հետաքրքիր դրվագները՝ տուն-թանգարանի ցուցանմուշների և հենց մեծանուն գրողի հուշերի միջոցով։
Մոր լուսանկարը՝ բոլոր ճանապարհորդությունների ժամանակ
Երևանի այն տանը, որտեղ Իսահակյանն ապրել է կյանքի վերջին տասը տարիներին, պահպանվել են հյուրասենյակը, աշխատասենյակն ու ննջարանը։

Սենյակների կահավորանքը մնացել է գրեթե այնպիսին, ինչպիսին եղել է բանաստեղծի կենդանության օրոք։
Ննջարանում՝ մահճակալի գլխավերևում, այսօր էլ մոր լուսանկարն է։ Իսահակյանն այն իր հետ վերցնում էր բոլոր ճանապարհորդությունների ժամանակ։ Մոր հանդեպ նրա առանձնահատուկ սիրո մասին վկայում են նաև բանաստեղծի հուշերը։

«Ասում էր՝ աչքերս ուզում եմ բացել ու իմ լուսեղեն մայրիկի պատկերը տեսնել», – պատմում է տուն-թանգարանի ավագ գիտական հետազոտող Սոնա Խեչիկյանը։
Մոր լուսանկարի հետ տարբեր երկրներում նրան ուղեկցել է նաև մոր սև շալը։ Ննջարանում պահպանվել են բանաստեղծի գիշերազգեստը, հողաթափերն ու անձնական իրերը։

Շաքար չորակին և կաթով սուրճ
Իսահակյանի կենցաղային սովորությունները պատմում են պարզություն սիրող մարդու մասին։ Նա նախընտրում էր համեստ կենցաղն ու հասարակ ուտեստները։
«Իր սիրելի ուտելիքներից էր շաքար չորակին՝ գյումրվա չորահացը։ Ինքն ամեն ինչի մեջ պարզություն էր սիրում», – նշում է Խեչիկյանը։
Բանաստեղծը Փարիզից էր բերել տան սպասքը և առավոտյան սիրում էր կաթով սուրճ խմել։
Այս փոքրիկ մանրամասներն այսօր հնարավորություն են տալիս պատկերացնել ոչ միայն գրականության մեծանուն ներկայացուցչին, այլև նրա սովորական առօրյան։

Գյոթե, Նիցշե, Շոպենհաուեր․ ինչո՞վ էր հետաքրքրվում բանաստեղծը
Իսահակյանի աշխատասենյակի գրքերը վկայում են նրա լայն հետաքրքրությունների մասին։ Նա սիրում էր Գյոթեին, Նիցշեին և Շոպենհաուերին, հետաքրքրվում էր գրականությամբ, փիլիսոփայությամբ ու արվեստով։
«Իսահակյանը գրականությունը կարդում էր բնագրով։ Հիանալի գիտեր գերմաներեն, կարդում էր նաև ֆրանսերեն և ռուսերեն», – պատմում է Խեչիկյանը։

Բանաստեղծի կյանքի շուրջ երկու տասնամյակն անցել է հայրենիքից հեռու։ Ցարական իշխանությունների հետապնդումների պատճառով նա ստիպված էր ապրել տարբեր երկրներում, իսկ կրթությունը շարունակել է Գերմանիայում՝ Լայպցիգի համալսարանում։
2025 թվականին՝ Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առթիվ, տուն-թանգարանի աշխատակիցներն այցելել են Լայպցիգ և հուշատախտակ տեղադրել այն տան վրա, որտեղ ապրել է բանաստեղծը։
Հայտնի հյուրերն ու հյուրասենյակի գորգը
Իսահակյանի հյուրասենյակում հյուրընկալվել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ՝ Սիլվա Կապուտիկյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Մարտիրոս Սարյանը։
Սենյակի ուշագրավ ցուցանմուշներից է հայոց էպոսի 1000-ամյակի առթիվ պատրաստված գորգը։ Այն ճանաչվել է լավագույն աշխատանք և նվիրվել բանաստեղծին։ Իսահակյանն այդ գորգը համարում էր իր հյուրասենյակի լավագույն զարդը։

Հյուրասենյակում պահպանվում են նաև նրան նվիրած գեղանկարչական աշխատանքներ և առաջին հեռուստացույցներից մեկը։

Ճամպրուկներ, երկար դեգերումներ ու հայրենիքի երկու խորհրդանիշ
Տուն-թանգարանի ճամպրուկները հիշեցնում են Իսահակյանի երկարատև դեգերումների մասին։ Նա տարիներ շարունակ ապրել է հայրենիքից հեռու, սակայն, որտեղ էլ լիներ, հոգով կապված էր Հայաստանին։

Բանաստեղծի հուշերում առանձնահատուկ տեղ ունեն հայրենի բնաշխարհի երկու խորհրդանիշները՝ Ալագյազն ու Արարատը։

«Բոլոր դեգերումների ժամանակ Իսահակյանի սրտում այս երկու սիմվոլներն էին՝ և՛ Ալագյազը, և՛ Արարատը՝ իր հայրենիքը», – պատմում է տուն-թանգարանի աշխատակիցը։
Ինչո՞վ է ապրում Իսահակյանի տուն-թանգարանն այսօր
Այսօր տուն-թանգարանը ոչ միայն պահպանում է բանաստեղծի անձնական իրերն ու հիշատակը, այլև փորձում է նրա ստեղծագործությունը նորովի ներկայացնել տարբեր տարիքի այցելուներին։
Երեխաների համար ստեղծվել է «Լույսի ծածկագիրը» տիկնիկային ինտերակտիվ ներկայացումն՝ Իսահակյանի համեմատաբար քիչ հայտնի հեքիաթների հիման վրա։ Այն ներառում է լուսային էֆեկտներ և հանդիսատեսի մասնակցություն։
Ավելի հասուն հանդիսատեսին համար է նախատեսված Գեորգի Սվիրիդովի «Երկիր հայրական» վոկալ-պոեմը՝ ստեղծված Իսահակյանի պոեզիայի հիման վրա։

Թանգարանի այգում երեկոյան ժամերին բեմադրվում է նաև «Միայն սիրո լարը մնաց» ներկայացումը, որի ընթացքում բանաստեղծի գործերը հնչում են հրավիրված դերասանների կատարմամբ։
Թանգարանը համագործակցում է նաև հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող կազմակերպությունների և մասնագետների հետ՝ իրականացնելով նրանց համար նախատեսված ծրագրեր։
Իսահակյանի տուն-թանգարանի յուրաքանչյուր իր՝ մոր լուսանկարից մինչև ճանապարհորդական ճամպրուկները, հիշեցնում է մի պարզ ճշմարտություն․ գրականության մեծերի կյանքը կազմված է ոչ միայն անմահ տողերից, այլև փոքրիկ սովորություններից, հարազատ մարդկանց հանդեպ սիրուց և հայրենիքի հետ անխզելի կապից։

