Բռնցքամարտիկ Հակոբ Շարբաթյանը` պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ,11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 50 կգ քաշային բռնցքամարտիկ Հակոբ Շարբաթյանը պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչում համառ պայքարում գեղեցիկ հաղթանակ է տոնում ռումինացի մրցակցի նկատմամբ ու ոսկե մեդալ նվաճում Հայաստանի համար:
Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ կիսաեզրափակչում 50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը վստահ հաղթանակ է տոնել Լեհաստանի ներկայացուցչի հետ մենամարտում։ Մեր բռնցքամարտիկը շանս չի տվել Լեհաստանի ներկայացուցիչ Պյոտր Դվոյացկուն՝ մրցակցին 2-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկելով։
Նշենք, որ այսօր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվում են մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Մրցաշարի վերջին օրը կխաղարկվի ոսկե մեդալների 26 հավաքածու՝ 13-ը աղջիկների և 13-ը պատանիների պայքարում։
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռոմիկ Հարությունյանը (66 կգ), որը նույնպես պայքարում է ոսկե մեդալի համար։
Ավելի վաղ Էդուարդ Քարամյանը (60 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ, հայտնում է sportaran-ը։

