Վանաձորում և Իջևանում մարզադաաշտեր կկառուցվեն 2029թ․-ի ֆուտբոլի ԱԱ-ին ընդառաջ․ կհատկացվի 52․2 մլն եվրո
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Վանաձորում և Իջևանում երկու ֆուտբոլային մարզադաշտերի հիմնան նախագծին, որոնք նախատեսվում է պատրաստել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համար։
Ընդհանուր գնային առաջարկը կազմում է շուրջ 52,21 մլն եվրո (առանց ԱԱՀ-ի, ներմուծման հարկերի և տուրքերի):
Կառավարության որոշման համաձայն՝ Վանաձորի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների համաձայնեցված արժեքը կազմում է շուրջ 22,55 մլն եվրո, ևս շուրջ 1,13 մլն եվրո նախատեսված է որպես պահուստ՝ նյութերի գնի հնարավոր փոփոխության համար:
Իջևան համայնքի Գետահովիտ գյուղում նոր մարզադաշտի կառուցման համաձայնեցված արժեքը կազմում է շուրջ 27,17 մլն եվրո, նյութերի գնի հնարավոր փոփոխության պահուստը՝ շուրջ 1,36 մլն եվրո:
Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ բանակցություններ են իրականացվել մարզադաշտերի նախագծման աշխատանքներն իրականացնող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, որն ունի նմանատիպ մարզադաշտերի նախագծման միջազգային փորձ։
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները կիրականացվեն 24 ամսվա ընթացքում, և մարզադաշտերը պատրաստ կլինեն 2028 թվականի վերջին։
«Վանաձորում խոսքը գնում է գործող մարզադաշտի վերակառուցման, իսկ Իջևանում՝ նոր մարզադաշտի կառուցման մասին»,-ասել է նախարարը։
Նա հավելել է, որ այս գործընթացում ՈՒԵՖԱ-ն Հայաստանին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում։ Երկու մարզադաշտերն էլ պետք է համապատասխանեն ՈՒԵՖԱ-ի չափանիշներին և տեղավորեն ավելի քան 10 հազար հանդիսատես:
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը երեք խոշոր մարզադաշտերի կառուցումը սահմանել էր որպես մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններից մեկը. դրանցից երկուսը պետք է տեղավորեն առնվազն 10 հազար հանդիսատես, իսկ ազգային մարզադաշտը՝ 35 հազար:
2029 թվականի ֆուտբոլի երիտասարդական ԱԱ-ի մասին
ՖԻՖԱ-ի Գործկոմը ապրիլի 28-ին հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը՝ Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման վերաբերյալ։
Հայաստանում մրցաշարի շրջանակում, որը տեղի կունենա 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, նախատեսվում է 30 հանդիպում անցկացնել երեք քաղաքներում։ Առաջնության նախապատրաստման շրջանակում Երևանում նախատեսվում է արդիականացնել Հանրապետական մարզադաշտը, Վանաձորում` վերակառուցել գործող մարզադաշտը, իսկ Իջևան համայնքում՝ կառուցել նորը։

