Արման Ադամյանը Բաքվում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին Ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակում

09.10.2026, 21:28
ՌԴ-ն ներկայացնող ձյուդոիստ Արման Ադամյանը Բաքվում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին
Արման Ադամյանը Բաքվում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին Ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Բաքվում ընթացող ձյուդոյի 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի օլիմպիական չեմպիոնին, հայտնում է sportaran.com-ը։

Մինչև 100 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում 29-ամյա մարզիկը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զելիմ Կոցոևի հետ, որը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է։

Լարված գոտեմարտի հիմնական ժամանակում հաղթողը չի որոշվել, և պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ (Golden Score)։ Վճռորոշ պահին Ադամյանը կարողացել է վաստակել «յուկո» գնահատականը և հաղթանակ տանել օլիմպիական չեմպիոնի նկատմամբ։

Այսպիսով, Կոցոևն իր ելույթն ավարտել է հայրենիքում անցկացվող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում։

Օլիմպիական չեմպիոնին հաղթելուց հետո Ադամյանը շարունակել է հաջող մրցելույթները Բաքվում։ Քառորդ եզրափակչում հայազգի ձյուդոիստը պարտության է մատնել Կանադայի ներկայացուցչին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Նշենք, որ Ադամյանը 2023 թվականի աշխարհի չեմպիոն է։ Այդ տարի նա Դոհայում ոսկե մեդալ էր նվաճել՝ նույնպես հանդես գալով մինչև 100 կգ քաշային կարգում։

Բաքվում ընթացող աշխարհի առաջնությանը մասնակցել է նաև հայազգի մեկ այլ ձյուդոիստ՝ Շվեդիան ներկայացնող Նարեկ Վարդանյանը։ Մինչև 73 կգ քաշային կարգում նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, սակայն մեդալների համար պայքարն ավարտել է 1/8 եզրափակչում։