«Երևանի ավտոբուսը» պարզաբանել է 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի մատի վնասման դեպքը

07.10.2026, 17:27
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը պարզաբանել է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպը
«Երևանի ավտոբուսը» պարզաբանել է  33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի մատի վնասման դեպքը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԶԼՄ-ներն այսօր գրել էին, որ Երևանի ավտոբուսներից մեկում ուղևորի մատը մնացել է դռների արանքում և վնասվել, իսկ վարորդն անգամ օգնություն չի ցուցաբերել. դռները փակել ու հեռացել է։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսում, օրվա համեմատաբար ծանրաբեռնված ուղևորահոսքի ժամին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ դեպքի մասին ինչպես վարորդը, այնպես էլ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն իմացել են միայն քաղաքացու բողոքից հետո։

«Մենք լսել ենք նաև մեր վարորդի տեսակետը։ Նրա խոսքով՝ երբ կանգառում բացել է ավտոբուսի դուռը, քաղաքացին բռնված է եղել դռան այն հատվածից, որը ծալվում է, և մատը մնացել է այդ արանքում։ Այնուհետև ուղևորներն ասել են՝ փակիր դուռը, և վարորդը փակել է այն»,– ասել է Ասատրյանը։

Նա նշել է, որ ծանրաբեռնված ժամերին լինում են դեպքեր, երբ դուռը փակելիս ուղևորի հագուստի ծայրը մնում է դռների արանքում։

Ասատրյանի խոսքով՝ դրանից հետո որևէ մեկը վարորդին չի տեղեկացրել, որ ուղևորի մատը մնացել է դռան արանքում, և չի խնդրել կանգնեցնել ավտոբուսը։

«Վարորդը ֆիզիկապես չէր կարող տեսնել տեղի ունեցածը, քանի որ նստած է ավտոբուսի առջևի հատվածում, իսկ դեպքը տեղի է ունեցել հետևի դռան մոտ։ Եթե նրան տեղյակ պահեին, նա պարտավոր էր կանգնել և շտապ բուժօգնություն կանչել։ Նշեմ նաև, որ ավտոբուսում կա առաջին բուժօգնության համար նախատեսված դեղորայք»,– ասել է Ասատրյանը։

Նրա խոսքով՝ ուղևորներից մեկը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին, որից հետո նրանք իջել են ավտոբուսից։ Վարորդը, տեղյակ չլինելով տեղի ունեցածի մասին, շարունակել է երթուղին։

Ասատրյանը նշել է, որ տուժած քաղաքացու հետ գրեթե ամեն օր կապի մեջ են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության աշխատակիցները, այդ թվում՝ ծառայության պետը։

Միաժամանակ նա նշել է, որ տեղեկություն չունի ուղևորի մատի վնասվածքի բնույթի և այն մասին, թե արդյոք մատն անդամահատվել է։