Կմասնակցե՞ն արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան Երևանում COP17-ին. ԱԳՆ փոխնախարարի պարզաբանումը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում 68 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով հաստատել է Երևանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ համաձայնագիրը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է համաժողովին Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացվածությանը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցելու են COP17-ին, Աբիսողոմոնյանը չի կարողացել կոնկրետ պատասխան տալ:
«Գրանցումն իրականացվում է քարտուղարության կողմից: Այս պահին մենք տվյալներ ունենք միայն գրանցվածների քանակի վերաբերյալ, բայց բուն գրանցվածների մասին տեղեկություններ, ճիշտն ասած, այժմ չունենք: Թուրքիան և Ադրբեջանը Կոնվենցիայի կողմեր են և կարող են ազատորեն գրանցվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունում», -ասել է նա:
Փոխնախարարի խոսքով՝ ինքն այս պահին տեղեկություն չունի՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրանցվել են, թե՝ ոչ:
«Հնարավոր է, որ գրանցվել են: Այսինքն՝ քարտուղարությունը մեզ դեռ տվյալներ չի տրամադրել՝ ըստ առանձին երկրների բաշխվածությամբ, քանի որ գրանցման գործընթացը դեռ շարունակվում է: Այս պահին ինձ հայտնի է, որ գրանցվել է 13 հազարից մի փոքր ավելի մարդ», - ավելացրել է նա:
Որքա՞ն կարժենա COP17-ի անցկացումը
Պատասխանելով COP17-ի անցկացման ընդհանուր արժեքի մասին հարցին՝ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը չի կարողացել ճշգրիտ տվյալներ տրամադրել:
Նա հայտնել է, որ համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը կոնֆերանսի քարտուղարությանը պետք է փոխանցի 2,166 մլն դոլար՝ դրա մեկնարկից ինը ամիս առաջ կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար:
COP17-ի մասին
2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միջոցառումը կհամախմբի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչներին։
Համաժողովի հիմնական թեման կլինի 2022 թվականին ընդունված «Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի» կատարման առաջին գլոբալ գնահատումը։
Այն նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել 23 նպատակների, այդ թվում՝ մոլորակի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ի պահպանմանը։
Համաժողովին ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում նախատեսված է առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 27-28-ը տեղի կունենա պաշտոնական հատվածը՝ նախարարների մասնակցությամբ։

