Ինչով կարող է Հայաստանը զարմացնել աշխարհին COP17-ում․ Ucom-ի և FPWC-ի կենսաբազմազանության պահպանման եզակի փորձը

12.10.2026, 17:33
Ինչո՞վ է Հայաստանը պատրաստվում զարմացնել աշխարհին COP17-ում․ Ucom-ի և FPWC-ի եզակի փորձը
Ինչով կարող է Հայաստանը զարմացնել աշխարհին COP17-ում․ Ucom-ի և FPWC-ի կենսաբազմազանության պահպանման եզակի փորձը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Ucom ընկերությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովում (COP17), որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-ից 30-ը, կներկայացնի բնապահպանության, էկոհամակարգերի վերականգնման, վերականգնվող էներգետիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ոլորտում չորսամյա համագործակցության արդյունքները։

Ինչպես երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտնեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, խոսքը ոչ միայն արդեն իրականացված ծրագրերի ներկայացման, այլև նոր նախաձեռնությունների մասին է, որոնք ուղղված են Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը և բնապահպանական կազմակերպությունների հետ բիզնեսի երկարաժամկետ փոխգործակցության զարգացմանը։

Ինչ է արդեն արվել

2023 թվականից ի վեր գործընկերները․

  • Հայաստանի համայնքներում տեղադրել են 18 արևային էլեկտրակայան;
  • Ucom-ի աշխատակիցների մասնակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տնկել են շուրջ 40 000 ծառ;
  • դպրոցներում տեղադրել են թռչունների դիտարկման 10 խելացի տեսախցիկ-կերաման;
  • Վայոց Ձորի մարզում կառուցել են արևային էներգիայով աշխատող վեց էլեկտրական ցանցապատ, որպեսզի արջերը չփչացնեն մեղվի փեթակները;
  • ինտերնետով են ապահովել Վեդիում և Ուրցաձորում ջերմատեսիլ տեսախցիկների համակարգերը և տեղադրել են երկու ինքնավար արևային կայան՝ դժվարամատչելի շրջաններում մոնիթորինգի համար;
  • Խոսրովի արգելոցի «Ջուխտակ լճերի տարածքում տեղադրել են ԱԲ (արհեստական բանականության) հիման վրա աշխատող տեսախցիկ․ այն շուրջօրյա հետևում է էկոլոգիապես զգայուն հատվածներին և չի միջամտում կենդանիների կյանքին։

Յիրիկյանն ընդունեց, որ հեռահաղորդակցման ընկերության և բնության միջև կապն ակնհայտ չէ։

«Շատերը հարց կտան․ Ucom-ը տեխնոլոգիական ընկերություն է, կապի օպերատոր։ Ի՞նչ կապ ունի այն բնության հետ։ Բայց այն նույն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մարդկանց շփվել միմյանց հետ, կարելի է օգտագործել հեռավոր տարածքներում առկա բնապահպանական խնդիրները լուծելու համար», - ասաց նա։

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, հեռահար կապը և արևային էներգետիկան թույլ են տալիս մշտական մոնիթորինգ իրականացնել այնտեղ, որտեղ մարդու ներկայությունն ապահովելը դժվար է։

Ucom

Սիմպոզիում՝ համաժողովից առաջ

Ucom-ի և FPWC-ի ծրագիրը կմեկնարկի COP17-ի պաշտոնական բացումից ավելի շուտ։ Հոկտեմբերի 17-18-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Yerevan Conservation Symposium 2026-ը, որի ռազմավարական գործընկերն է Ucom-ը։ Ինչպես պատմեց FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, այնտեղ կհավաքվեն պետական կառույցների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչներ տարբեր երկրներից։

Հիմնական թեման բնական տարածքների պահպանման այլընտրանքային մոդելներն են․ նրանք, որոնք կառավարվում են համայնքների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր կառույցների կողմից։ Երկու օրերի արդյունքներով COP17-ի մասնակիցներին կփոխանցվի փաստաթուղթ՝ նման մոդելներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանձնարարականով։ Կազմակերպիչները հույս ունեն, որ ապագայում սիմպոզիումը կդառնա COP ձևաչափի մաս։

Հոկտեմբերի 19-ից Ucom-ը և FPWC-ն կաշխատեն համաժողովի Կանաչ և Կապույտ գոտիներում․ մասնագիտական քննարկումներ, հանդիպումներ պատվիրակությունների հետ, ծրագրերի ներկայացումներ, միջոցառումներ բիզնեսի համար։ Ռալֆ Յիրիկյանը ելույթ կունենա շրջակա միջավայրի պաշտպանության գործում տեխնոլոգիական ընկերությունների դերի մասին քննարկումների շրջանակում։

Ucom-ը նաև կաջակցի «Արևորդի» միջազգային բնապահպանական ֆիլմերի փառատոնին․ ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ցուցահանդեսներ և կենդանիների դիմակներով դիմակահանդեսային երթ։ Կանաչ գոտում կներկայացվի նաև Հայաստանի կենսաբազմազանության մասին նկարազարդ մանկական գիրք։ Ընդհանուր առմամբ, FPWC-ն COP17-ի և զուգահեռ իրադարձությունների շրջանակում ծրագրում է ավելի քան 50 միջոցառում։

Մոդել, որով հետաքրքրվում են արտասահմանում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հիմնադրամը հիմնել է 2010 թվականին։ Այսօր համայնքների հետ միասին այն պահպանում է ավելի քան 35 հազար հեկտար, որոնք վայրի կենդանիների բնակության վայրերի միջև միգրացիոն միջանցք են ձևավորում։ Այստեղ հանդիպում են կովկասյան հովազներ, լուսաններ, գորշ արջեր, բեզոարյան այծեր և հայկական մուֆլոններ։

Խաչատրյանի խոսքով՝ պահպանվող տարածքների կառավարման ոչ պետական մոդելը հետաքրքրություն է առաջացնում արտասահմանում․ դրան ծանոթանալու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի, ինչպես նաև Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։

Իսկ ահա Հայաստանում, խոստովանեց նա, նման մոդելների ներուժը թույլ է օգտագործվում։ Հայաստանը միայն վերջերս է սկսել զարգացնել OECM (Other Effective Area-based Conservation Measures) մոտեցումը, որը թույլատրում է բնության պահպանությունը ոչ միայն արգելոցների և ազգային պարկերի, այլև համայնքային, հասարակական և այլ ձևերի կառավարման միջոցով։

«Օրենսդրության մեջ դեռ մնում են բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել, սակայն սա առաջին քայլն է», - ասաց Խաչատրյանը։ Նա հույս հայտնեց, որ COP17-ը կարագացնի նման մեխանիզմների հայտնվելը և ոչ պետական կազմակերպությունների աշխատանքի արդյունքների ճանաչումը։

Թիթեռները՝ որպես փաստարկ

Հարավային Կովկասի համար Հայաստանն ավելին է, քան հուշում է քարտեզը։ Խաչատրյանի տվյալներով՝ երկիրը զբաղեցնում է տարածաշրջանի տարածքի մոտ 7,6%-ը, սակայն նրան բաժին է ընկնում դրա կենսաբազմազանության ավելի քան 60%-ը, ընդ որում՝ ոչ միայն կենդանական, այլև բուսական։

Լավագույն օրինակը, նրա խոսքով, թիթեռներն են Կովկասյան ապաստարանում։ Ամեն տարի այնտեղ են այցելում 10–12 գիտնականներ, և յուրաքանչյուր սեզոն նրանք հիմնադրամի տարածքներում գտնում են գիտության համար նոր երեք-չորս տեսակ։ COP17-ի խորհրդանիշն էլ է դարձել թիթեռը՝ էնդեմիկ երևանյան կապտաթիթեռը:

«COP17-ը բացառիկ պատմական հնարավորություն է աշխարհին ցույց տալու, թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաները և բնապահպանական գործունեությունը կարող են միավորվել հանուն էկոհամակարգերի պաշտպանության։ Ucom-ի հետ մեր համագործակցությունը ապացուցում է, որ տեխնոլոգիական լուծումները՝ արհեստական բանականությունից մինչև վերականգնվող էներգետիկա, անփոխարինելի են վայրի բնության պահպանման համար», - հայտարարեց Խաչատրյանը։

Ucom

Green փաթեթ․ 200 դրամ բնությանը

Ucom-ը թողարկել է Green հատուկ փաթեթներ, որտեղ բնապահպանական ծրագրերը ֆինանսավորվում են բաժանորդների հաշվին։ Յուրաքանչյուր փաթեթում ներառված է 200 դրամի նվիրատվություն, որն ուղղվում է նման ծրագրերին յուրաքանչյուր ակտիվացման ժամանակ։ Ընկերությունը կրկնապատկելու է բաժանորդների նվիրատվությունների ընդհանուր գումարը։

«Երբ բաժանորդն ընտրում է նման փաթեթ, դա նշանակում է, որ նա ցանկանում է դառնալ բնության հետ կապված ծրագրերի իրականացման մասնակից», - ասաց Յիրիկյանը։ Նրա խոսքով՝ Ucom-ը կշարունակի ֆինանսավորել ծրագրերը նաև սեփական բյուջեից, իսկ նոր մեխանիզմը թույլ է տալիս դրանց միացնել հենց բաժանորդներին։

Ucom

«Մենք պատասխանատվություն ունենք»

«Նովոստի-Արմենիայի» կողմից ուղղված COP17-ի երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Յիրիկյանը պատասխանեց, որ ընկերության գործունեությունը համաժողովից կախված չէ։

«Մենք գործել ենք դեռ COP17-ից առաջ։ Մենք արդեն իրականացնում էինք ծրագրեր։ Մենք մեզ համարում ենք ընկերություն, որն ունի խիղճ և պատասխանատվության զգացում։ Մենք տեսել ենք, թե ինչպես է մարդը փչացնում բնությունը և ստեղծում աղետալի իրավիճակներ։ Ուստի մենք չցանկացանք անտարբեր մնալ», - ասաց նա։

FPWC-ի հետ համագործակցությունը, հավելեց Յիրիկյանը, կշարունակվի։ Համաժողովը նա անվանեց շանս՝ ոչ միայն ցույց տալու ձեռքբերումները, այլև նկատի ունենալու ուրիշի փորձը․ «Երբ մենք նրանց ներկայացնենք մերը, նրանք նույնպես կկիսվեն մեզ հետ։ Հնարավոր է՝ սկսենք աշխատել նորովի, ի հայտ գան նոր ծրագրեր, նոր գաղափարներ»։

Նա համաձայնեց, որ օտարերկրյա պատվիրակությունների ժամանումը կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը։

«Մենք ցանկանում ենք զարմացնել միջազգային հանրությանը։ Շատերի պատկերացմամբ՝ Հայաստանը փոքր երկիր է։ Այո, փոքր է, բայց շատ հարուստ կենսաբազմազանությամբ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարող է բիզնեսը համագործակցել մասնագիտացված կազմակերպության հետ և օգուտ բերել շրջակա միջավայրին», - ընդգծեց նա։

Ինչն է կարևոր Հայաստանի համար

Խաչատրյանի խոսքով՝ COP17-ի անցկացումը Հայաստանում հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով «Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի»  ստանձնած պարտավորությունները․ երկրները համաձայնվել են մինչև 2030 թ.-ը պահպանության տակ վերցնել ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ը։ Երևանում կգնահատեն ձեռք բերված առաջընթացը և կսահմանեն հետագա քայլերը։ Բացի այդ, COP17-ը հյուրընկալող Հայաստանը երկու տարի շարունակ կնախագահի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը՝ մինչև 2028 թվականին հաջորդ COP18 համաժողովի անցկացումը։

Համաժողովը կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Ակնկալվում է Երևան շուրջ 15 հազար մասնակիցների ժամանում Կոնվենցիայի բոլոր 196 կողմերի ներկայացուցիչներից: