Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողը կազատվի ուղեվարձի վճարից․ որոշումն ընդունվեց

13.10.2026, 11:46
Երևանի ավագանին որոշեց․ հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողը կերթևեկի անվճար
Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողը կազատվի ուղեվարձի վճարից․ որոշումն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող մեկ անձը կազատվի Երևանի հասարակական տրանսպորտից ուղեվարձի վճարից։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու նիստում։

Որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևանում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ։

Նոր կարգավորմամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխայի հետ միասին ավտոբուսից, տրոլեյբուսից կամ մետրոպոլիտենից օգտվելիս նրան ուղեկցող առավելագույնը մեկ անձ նույնպես կազատվի ուղեվարձից։

Որոշման հիմնավորման համաձայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաները, որպես կանոն, հասարակական տրանսպորտից օգտվում են ուղեկցությամբ, սակայն գործող կարգավորմամբ նրանց ուղեկցող անձանց համար անվճար երթևեկության արտոնություն նախատեսված չէր։

«Նախագիծը կազմված է այնպես, որ այդ արտոնությունը կցվելու է ոչ թե մեկ անձի, օրինակ՝ երեխայի ծնողներից մեկին, այլ այդ պահին ուղեկցողին՝ ով էլ նա լինի՝ անկախ բարեկամական կամ այլ կապից», — նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու նիստի ժամանակ։

Ուղեկցողի անվճար երթևեկության իրավունքը պայմանավորված կլինի հենց երեխային ուղեկցելու փաստով, և հասարակական տրանսպորտից օգտվելիս նա որևէ տեսակի տոմս ներկայացնելու պարտականություն չի ունենանա։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։