«Զենքը պահել էր էրեխեքիս վրա»․ Շաքիում վիրավորված կինը պատմել է՝ ինչպես է դիմադրել ադրբեջանցի զինծառայողին

12.10.2026, 22:14
Եթե չդիմադրեի, հիմա ոչ ես կլինեի, ոչ էլ երեխաներս»․ ադրբեջանցի զինծառայողի կրակոցից Շաքիում վիրավորված կինը մանրամասներ է պատմել
«Զենքը պահել էր էրեխեքիս վրա»․ Շաքիում վիրավորված կինը պատմել է՝ ինչպես է դիմադրել ադրբեջանցի զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շաքիում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին:

39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել զենքը երեխաների վրա պահած տղամարդուն:

Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, ինքը ձեռքով պահել է ինքնաձիգը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են: Դրանից հետո Անին սկսել է դանակով դիմադրել:

«Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա ... պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ [փամփուշտ] չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցաքվորի: Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ ... դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները», - պատմում է Անին:

Կնոջ խոսքով՝ եթե ինքը չդիմադրեր, հետևանքները շատ ծանր կարող էին լինել. - «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»:

Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցին մոտ 15 րոպե երեխաներին պատանդ պահած է եղել, մինչև ինքը Սիսիանից հասել է Շաքի:

«Ձայն չի հանել». կինը չի հասկացել, թե ում հետ գործ ունի

Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել. - «Բացարձակ բառ չի փոխանակել, լուռ իրա գործը անում էր»:

Ծանր վնասվածքներ ստացած կինը զայրացած է, որ իրավապահները տեղի բնակիչներին չեն զգուշացրել, որ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինվորի են փնտրում:

Ըստ ԱԱԾ-ի՝ զորամասը լքած և ենթադրաբար Հայաստան անցած զինվորի մասին Բաքուն հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին: Նասիմի Մուսաևը վնասազերծվել է հոկտեմբերի 1-ին՝ Բաքվի զգուշացումից երկու օր անց:

«Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չէի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ասում է կինը, որին ևս երեք վիրահատություն է սպասվում:

Ոստիկանները, չնայած ահազանգին, կնոջից ուշ են հասել Շաքի

Ավետիսյանը նաև դժգոհում է, որ ոստիկանները, չնայած ահազանգին, իրենից ուշ են հասել դեպքի վայր: Կնոջ խոսքով՝ Սիսիանի ոստիկանության բաժանմունքը ավելի մոտ է Շաքիին, քան այն հյուրանոցը, որտեղից ինքը հասել է իր տուն:

«Եթե իրենք ամսի 29-ից տեղյակ են եղել, որ ադրբեջանցի է եկել, ո՞նց կարող էին ահազանգով միանգամից վազելով չգալ»,- հարցնում է Ավետիսյանը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը «սովորական կրիմինալ միջադեպ» էր անվանել Շաքիում տեղի ունեցածը և մեղադրել, որ Ավետիսյանը չի սպասել ոստիկանությանը:

«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետը:

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։

Կարդացեք նաև․ Փաշինյանը բացատրել է՝ ինչու Շաքիի բնակիչներին նախապես չէին զգուշացրել ադրբեջանցի զինծառայողի մասին