«Դուք պետք է ուրախանաք, որ մենք քանդում ենք ինքնակամ շինությունները». փոխքաղաքապետը՝ ընդդիմությանը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է ուրախանա Շինարարների փողոցի ինքնակամ շինությունների ապամոնտաժման համար, այլ ոչ թե պայքարի դրա դեմ։
«Ինձ թվում էր՝ դուք պետք է ուրախանաք, որ մենք դրանք քանդում ենք։ Որ նայում ես այդ կառույցներին, հասկանում ես, որ այս կառույցները կամ տոտալ կաշառակերության և ընտրակաշառքների միջավայրում կարող են միայն ձևավորվել, կամ հանցավոր տգիտության»,– ասել է Գրիգորյանը ավագանու նիստում։
Նրա խոսքով՝ այդ կառույցները վկայում են այն ժամանակահատվածում պաշտոնավարած մարդկանց «տգիտության կամ կոռումպացվածության» մասին։
«Դուք պետք է ծափահարեք ու ուրախանաք, որ դրանք քանդվում են, ոչ թե դրա դեմ պայքարեք»,– ասել է փոխքաղաքապետը։
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից, որից հետո կրպակատերերը բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Կրպակների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են․ այսօր նույնպես կրպակատերերը բողոքի ակցիա են անցկացնում։
Կարդացեք նաև․ Շինարարների փողոցի կրպակները գտնվում են համայնքային հողի վրա. փոխքաղաքապետ

