Հրազդանի կիրճին կտրվի պահպանվող տարածքի կարգավիճակ

13.10.2026, 15:19
Հրազդանի կիրճին կտրվի «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ
Հրազդանի կիրճին կտրվի պահպանվող տարածքի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հրազդանի կիրճին կտրվի «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։

Համապատասխան նախագիծն ընդունել է Երևանի ավագանին երեքշաբթի կայացած նիստում։

Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի Ժ/Պ Սիրարփի Հայկազյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայտարարած մրցույթի արդյունքում արդեն ընտրվել է կազմակերպություն, որն իրականացնում է կառավարման պլանի մշակման աշխատանքները, իսկ մինչ տարածքի կառավարման պլանի մշակման ավարտը հասանելի կլինի գործողությունների ծրագիր։

«Այս գործողությունները հիմնականում ուղղված են լինելու պահպանել կենսամիջավայրերի և տեսակների պոպուլյացիաները, զարգացնել մատչելի և բնահեն հանգստի հնարավորությունները, և պահպանել ու վերականգնել առկա էկոհամակարգերը»,– ասել է Հայկազյանը ավագանու նիսի ժամանակ։

Նրա խոսքով` ծրագրի մշակման ընթացքում խորհրդատու կազմակերպությունը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոնք հնարավորություն կունենան հետևելու գործընթացին և առաջարկություններ ներկայացնելու հնարավոր լուծումների ու ծրագրի կառուցվածքի վերաբերյալ։

Հայկազյանի ներկայացմամբ` Հրազդանի կիրճի հիմնական խնդիրներից են ջրի որակը և աղտոտվածությունը, կառուցապատումը, առկա ենթակառուցվածքների մաշվածությունը, մատչելի մուտքերի խնդիրը, քայքայված էկոհամակարգերն ու անկայուն լանջերը։

Նա հայտնել է, որ նախատեսվող միջոցառումները պետք է ուղղված լինեն նաև կիրճի կենսաբազմազանության պահպանմանը։