Երևանն անցնում է էլեկտրական ավտոբուսների. քաղաքում կներդրվի ավտոբուսային առանձնացված գծերի ցանց

26.10.2026, 12:35
Երևանում ծրագրում են ամբողջությամբ անցնել էլեկտրական ավտոբուսների և իրականացնել ավտոբուսային առանձնացված գծերի կազմակերպման համալիր ծրագիր, հայտնել է Ավինյանը
Երևանն անցնում է էլեկտրական ավտոբուսների. քաղաքում կներդրվի ավտոբուսային առանձնացված գծերի ցանց

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում ծրագրում են ամբողջությամբ անցնել էլեկտրական ավտոբուսների և իրականացնել ավտոբուսային առանձնացված գծերի կազմակերպման համալիր ծրագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հաջորդ փուլում անհրաժեշտ է լինելու փոխարինել «Higer» մակնիշի ավտոբուսները, ինչի մասին արդեն խոսվել է ընթացիկ տարվա ընթացքում:

«Ժամանակն է, որ մենք անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսներին։ Սա նշանակում է, որ մեր Տրանսպորտի վարչությունը պետք է հաջորդ մրցույթը հայտարարի բացառապես էլեկտրական ավտոբուսների գնման վերաբերյալ», - նշել է Ավինյանը:

Նրա խոսքով՝ վերլուծությունները նույնպես ցույց են տալիս, որ ավտոբուսային առանձնացված գծերն էապես փոխում են հանրային տրանսպորտի աշխատանքի որակն ու հաճախականությունը:

«Օրինակ՝ վերջին վերլուծությունների համաձայն՝ մեր ունեցած տվյալներն ասում են, որ ինչ-որ գծի վրա աշխատող 25 ավտոբուսն ընդհանուր հոսքի մեջ ավելի ոչ էֆեկտիվ է, քան 10 ավտոբուսով պակասը՝ այսինքն 15 ավտոբուսն առանձնացված գծով։ Այսինքն՝ առանձնացված գիծը մեր ավտոբուսային ցանցին տալիս է էական առավելություն։ Ե՛վ հաճախականության տեսանկյունից է դառնում ավելի հաճախ ավտոբուսների կանգառ հասնելը, և՛ ընդհանուր հուսալիության տեսանկյունից, և՛, ամենակարևորը, արագության», - հայտնել է նա:

Քաղաքապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում անհրաժեշտ է այս բոլոր վերլուծությունների հիման վրա մշակել փուլային ծրագիր, որը նախատեսում է աշխատանքների սկիզբը մի շարք հիմնական երթուղիներում:

«Բոլոր տեղերում նաև պետք է համադրենք մեր հեծանվային ուղին այս ավտոբուսային գծերի հետ՝ կամ առանձնացված, կամ ընդհանուր ավտոբուսային գծի հոսքի մեջ» , - ընդգծել է Ավինյանը:

Առանձնացված գծերի կազմակերպման ծրագրի մեկնարկը

Ավինյանը հայտարարել է նաև, որ այս տարի կսկսվի նաև ավտոբուսային առանձնացված գծերի կազմակերպման համալիր փուլային ծրագրի իրականացումը:

«Մի քանի փուլի կբաժանենք․ սկզբում կիրականացնենք առաջին գիծը՝ աջ կողմում առանձնացնելով և համապատասխան տեսախցիկներ դնելով, այնուհետև՝ երկրորդ, երրորդ։ Հետո արդեն, եթե վերլուծությունները ցույց տան, որ նաև կարիք կա փողոցների վերակառուցման, արդեն կիրականացնենք ենթակառուցվածքների խորքային փոփոխություններ և ավտոբուսային գիծը աջ հատվածից կտեղափոխենք կենտրոն», - նշել է Ավինյանը: