Ինչպե՞ս է գործում երեխաների առողջության ապահովագրությունը. պարզաբանում է նախարարը

08.09.2026, 10:01
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեխաների առողջության ապահովագրության շրջանակում ծառայությունների փոխհատուցման կարգին
Ինչպե՞ս է գործում երեխաների առողջության ապահովագրությունը. պարզաբանում է նախարարը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․   ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեխաների առողջության ապահովագրության շրջանակում ծառայությունների փոխհատուցման կարգին։

Նրա խոսքով, վերջին տարիներին ՀՀ քաղաքականության առաջնահերթություններից է եղել բոլոր նորամուծություններն ու ծառայությունների ընդլայնումը հասանելի դարձնել մեր երեխաներին, և այս գործընթացը շարունակական է։

«Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ առողջության ապահովագրությունն ընդգրկում է ծառայությունների որոշակի հստակ ծավալ, որի համար էլ իրականացվում է փոխհատուցում։ Այդ իսկ պատճառով ես շատ ուշադիր հետևում եմ մամուլի բոլոր արձանագրումներին և քաղաքացիների բարձրացրած հարցերին։ Խնդրում եմ ձեզ նույնպես ներկայացնել ձեր դիտարկումները»,-սոցցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է նա։

Նրա խոսքով, կան դեպքեր, երբ խորհրդատվությունների համար ապահովագրությունը չի փոխհատուցում։

«Օրինակ՝ երբ պահպանված չէ ուղեգրման ճիշտ ընթացակարգը (այսինքն՝ պոլիկլինիկայից հետո), և քաղաքացին պլանային խորհրդատվության համար միանգամից դիմել է հիվանդանոց։ Նման դեպքերում ապահովագրությունը ծախսը չի հատուցում»,-ասել է նա՝ հավելելով, որ կան նաև դեպքեր, երբ որոշակի մասնագիտական խորհրդատվություն կարող է ներառել համավճար։

«Այս հատվածը նույնպես կարգավորված է, և մենք շատ ազնիվ ենք մեր կարգավորումներում. առողջության ապահովագրությունը ամեն ինչ չի ծածկում։ Մեր նպատակն է, որ բոլոր քաղաքացիներն ընդգրկված լինեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, բայց, բնականաբար, առողջապահական բոլոր ծառայությունները չեն կարող մտնել ապահովագրության շրջանակի մեջ»,-հավելել է նախարարը։