Սպանություն՝ Սևանում. 2 անչափահասներ դանակի գործադրմամբ մարդ են սպանել
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Սևանում երկու անչափահասներ մեկ այլ անձի դանակով հարվածներ կատարելով սպանել են։
Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ-ն, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում գտնվող խանութ-սրահներից մեկի հետնամասում տեղի է ունեցել վիճաբանություն։ Դրա ընթացքում անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան:
Բացի այդ, Ա․Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք, որը նա ձեռք էր բերել և ապօրինի կերպով կրում էր, և որը հանդիսանում է հարվածող-ջարդող սառը զենք։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․
Ն․Մ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը),
Ա․Մ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

