Երևանում 28–ամյա երիտասարդը գողանում էր մեքենայի կողային հայելիների ապակիներ ու թողնում Տելեգրամյան հասցեի հղում
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Շորթման նպատակով ավտոմեքենայից կողային հայելու ապակիների գողության հերթական ահազանգը Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էր մայիսի 29-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Դավթաշենի 4-րդ թաղամասի բնակիչն առավոտյան հաղորդում էր տվել, որ գիշերը տարել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» հայելիների ապակիներն ու թողել Տելեգրամյան հասցեի հղում։
Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ գողության և շորթման հատկանիշներով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ստացան հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով գողությունը կատարել է մայրաքաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում, և նույն օրն էլ նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։
Դատարանի որոշմամբ երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նման հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

