7 փաստ Բյուրականի աստղադիտարանի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ հայերին

12.06.2026, 12:05
Թվում էր, թե աստղադիտարանի և նրա ձեռքբերումների մասին արդեն ամեն ինչ ասված է, սակայն կան փաստեր, որոնք կզարմացնեն շատերին։ Դրանցից յոթի մասին «Նովոստի-Արմենիա»-ին պատմել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը
7 փաստ Բյուրականի աստղադիտարանի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ հայերին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կա մի վայր, որտեղ տիեզերքը կարծես «խոսում է» Երկրի հետ, և դա անում է արդեն 80 տարի։ Հենց այսքան է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տարիքը, որի հոբելյանն այս տարի նշում է գիտական աշխարհը։ Թվում էր, թե աստղադիտարանի և նրա ձեռքբերումների մասին արդեն ամեն ինչ ասված է, սակայն կան փաստեր, որոնք կզարմացնեն շատերին։ Դրանցից յոթի մասին «Նովոստի-Արմենիա»-ին պատմել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

 1. Բյուրականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական «գանձարաններից» մեկն է

ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհից ներառել է մոտ 2000 արժեք, որից 14-ը Հայաստանից են (հիմնականում պատմամշակութային)։ Գիտության ոլորտից բացառիկ նմուշ է ներառված, և դրանցից մեկը Բյուրականի Մարգարյանի շրջահայության լուսանկարչական թիթեղներն են՝ որպես համաշխարհային փաստագրական արժեք։

 2. Արտերկրային քաղաքակրթությունների մասին առաջին միջազգային համաժողովն անցկացվել է Բյուրականում

1971 թվականին Բյուրականը դարձավ մի վայր, որտեղ գիտնականները քննարկում էին մի թեմա, որն այսօր էլ գիտաֆանտաստիկ է թվում շատերին՝ այլ քաղաքակրթությունների գոյությունն ու նրանց հետ կապ հաստատելու հնարավորությունները։ Դա աշխարհում առաջին նման միջազգային գիտաժողովն էր։

3.   Ինչպես Վիկտոր Համբարձումյանը շրջանցեց ԽՍՀՄ 5 մլն ռուբլու սահմանափակումը

ԽՍՀՄ-ում գիտական նախագծերի ֆինանսավորման սահմանափակումներ կային. նախագծի արժեքը չպետք է գերազանցեր 5 մլն ռուբլին։  Բյուրականի 2.6-մետրանոց աստղադիտակի արժեքը գերազանցում էր 8 միլիոնը։ Վիկտոր Համբարձումյանը նախագիծը բաժանեց երեք մասի՝ շենք, գմբեթ և դիտակ, և բոլորն առանձին-առանձին հաստատվեցին։

4.Տիեզերական հետազոտությունների կենտրոն

Բյուրականը եղել է նաև տիեզերական հետազոտությունների կենտրոն։ Գրիգոր Գուրզադյանը Սովետական Միությունում առաջինն էր, որ սկսեց զարգացնել տիեզերական աստղագիտությունը (մինչև Գառնիի ինստիտուտի ստեղծումը դա Բյուրականի մի բաժինն էր)։ Այստեղից ուղեծիր ուղարկվեցին «Օրիոն-1» և «Օրիոն-2» տիեզերական աստղադիտակները։

5. Հայաստանը աստղագիտական «թոփ 20»-ում է

Աշխարհում ընդամենը մոտ 20 երկիր ունի ազգային վիրտուալ աստղադիտարան։ 2005 թվականին ստեղծված Հայկական վիրտուալ աստղադիտարանը Հայաստանին ընդգրկեց այդ բացառիկ ակումբում՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի և այլ առաջատար գիտական պետությունների կողքին։

6.Բյուրականը ղեկավարում է մի ամբողջ տարածաշրջանի աստղագիտությունը

Միջազգային աստղագիտական միությունը Բյուրականին վստահել է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող կենտրոնի դերակատարումը։ Հատկանշական է, որ դրա առաջնորդող դերը ճանաչել են նաև տարածաշրջանի խոշոր երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ղազախստանը և մյուսները։

7. Կարգավիճակը՝ ազգային արժեք

Բյուրականի աստղադիտարանը Հայաստանի կառավարության կողմից ճանաչված երեք ազգային արժեքներից մեկն է՝ ընդգծելով նրա նշանակությունը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային գիտության համար։