«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել «Նոա» ՖԱ-ի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջից։
49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ։
3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։
Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։
Ուշագրավ է նաև Պաբլո Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները։
Կարդացեք նաև. Հայաստանը կընդունի հեծանվորդների Ճապոնիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից Tour of Armenia-ի շրջանակում

