Ճամբարակում տեղի ունեցած վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Զինծառայողների մասնակցությամբ Ճամբարակում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Այս մասին «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)», - նշեց Ավդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակում վրաերթի հետևանքով զինծառայող է մահացել, կան վիրավոր զինծառայողներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Այնուհետև ՊՆ-ից հայտնել են, որ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։

