ԿԸՀ–ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է․ Իվետա Տոնոյան

12.06.2026, 11:26
Նա ակնհայտ է համարել այն, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ
ԿԸՀ–ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է․ Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ–ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է, հայտարարել են ԲՀԿ–ից։

Ավելի վաղ ԿԸՀ–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր են ճանաչվել N 10/51 և N 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

«Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է», – գրել է ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Facebook–յան իր էջում։

Նա ակնհայտ է համարել այն, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։

«Մենք բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ։ Արդեն վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները», – հայտարարել է նա։