«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է պահանջել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է հունիսի 12-ին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները վերանայելու պահանջով, հայտարարել է դաշինքի խորհրդի անդամ և ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել էր բազմաթիվ ընտրատեղամասերում, մասնավորապես՝ մայրաքաղաքի գրեթե բոլոր տեղամասերում ձայների վերահաշվարկի մասին։
«Դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում եղել են «Քաղաքացիական պայմանագրի» օգտին տրված ձայների շեշտակի անկում։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինծառայողներին և պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին», — տեսաուղերձում հայտարարել է Կարապետյանը։
Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է արդյունքների վերանայման հասնել նախ ԿԸՀ-ում, իսկ այնուհետև, անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրական դատարանում։
Նա համարում է, որ իշխող քաղաքական ուժը չունի բավարար հանրային աջակցություն պետական նշանակության առանցքային որոշումներ կայացնելու համար։
««Քաղաքացիական պայմանագիրն» այսօրվա իրավիճակով թույլ է, չունի մեծամասնություն՝ հավաքելով ձայների 50%-ից պակասը, նույնիսկ այսքան խախտումներից հետո», - հայտարարել է Կարապետյանը։
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով:

