Նախօրեին գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով ջրասուզակներ, փրկարարներ և ոստիկաններ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Փամբակ գետում նախօրեին գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այդ օրվանից դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։

