ՀՀ-ում քննվում է 12-ամյա դպրոցականին քաղցրավենիքի միջոցով թմրամիջոց փոխանցելու վերաբերյալ քրեական գործը

16.06.2026, 12:34
Օրերս Օրգով գյուղի 12-ամյա դեռահասի ինքնազգացողությունը վատացել է դպրոցական էքսկուրսիայից հետո, երբ աշակերտների խումբն ավտոբուսով վերադառնալիս է եղել տուն
ՀՀ-ում քննվում է 12-ամյա դպրոցականին քաղցրավենիքի միջոցով թմրամիջոց փոխանցելու վերաբերյալ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ քաղցրավենիքի միջոցով 12-ամյա դպրոցականին թմրամիջոց փոխանցելու գործով, լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ինչպես նշել են գերատեսչությունում, նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ 

Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել  դատարան, որը մերժվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: 

Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Նշանակվել են փորձաքննություններ: 

Նախաքննությունը շարունակվում է։

Լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում։ Հաղորդվում էր, որ Օրգով գյուղի 12-ամյա դեռահասի ինքնազգացողությունը վատացել է դպրոցական էքսկուրսիայից հետո, երբ աշակերտների խումբն ավտոբուսով վերադառնալիս է եղել տուն։