ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետներ Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի ձերբակալման մանրամասները քրեական գործերի շրջանակում, որոնք գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում։
Գերատեսչության մամուլի ծառայության համաձայն` ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում