ՀՀ ՔԿ–ն ներկայացնում է խոշոր չափի կաշառք ստանալու համար փոխգնդապետի ձերբակալման մանրամասները

02.06.2016, 15:23
Երևանում առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ նախօրեին ձերբակալվել է Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը։
ՀՀ ՔԿ–ն ներկայացնում է  խոշոր չափի կաշառք ստանալու համար փոխգնդապետի ձերբակալման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ նախօրեին ձերբակալվել է Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՀՀ ՊՆ զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:

Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունիսի 1-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ  որդու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցերով 2016թ. մայիսի սկզբներին գնացել է զինկոմիսարիատ, որտեղ նույն զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետը պահանջել է 12 հազար դոլար կաշառք՝ որդուն 3 տարի ժամկետով տարկետման տրամադրումը կազմակերպելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Երևանում փոխգնդապետ է ձերբակալվել խոշոր չափի կաշառք ստանալու ժամանակ>>

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պահանջված գումարի մի մասը՝  նախապես մշակված 5.000 ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Օրենքով սահմանված կարգով Շ.Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 5.000 ԱՄՆ դոլարը: Շ.Ավետիսյանը ձերբակալվել է և հարցաքննվել։

«Նախնական քննության տվյալներով՝ զորակոչի տարիքի հասած երիտասարդն ունեցել է առողջական խնդիրներ՝ հարթաթաթություն և նյարդային խանգարում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:–0–